Երեւանում Սանկտ-Պետերբուրգի օրերի շրջանակում, այսօր` ապրիլի 26-ին, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում Սանկտ-Պետերբուրգի եւ Երեւանի կրթական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան է տեղի ունեցել:
«Սանկտ-Պետերբուրգի հետ կապերը հայ գիտական հասարակության համար միշտ յուրահատուկ նշանակություն են ունեցել, - նշել է համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը` ողջունելով պետերբուրգյան պատվիրակությանը: Մենք ոչ միայն հիշում, մենք փայփայում ենք հայկական գիտության զարգացման գործում պետերբուրգցի գիտնականների ներդրած ավանդը: Մենք շնորհակալ ենք Պետերբուրգին, մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցները իրենց զգալի ավանդն են ներդրել Սանկտ-Պետերբուրգի գիտական եւ մշակութային պատմությունում: Ես շատ կուզենայի, որպեսզի պետերբուրգցի գործընկերների այցը որոշիչ քայլ դառնար մեր բուհերի միջեւ իրական հետաքրքրությունը, կապերը եւ օժանդակությունը վերականգնելու համար»:
Իր հերթին Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան նշել է, որ Սանկտ Պետերբուրգը միշտ էլ բազմազգ քաղաք է եղել, բայց հայկական սփյուռքը միշտ իրեն բնորոշ դեմքն է ունեցել: «Մեզ առաջին հերթին միավորել են մշակութային, գիտական ամուր կապերը, հենց այդ պատճառով էլ Հայաստանում գտնվելու օրերը որոշեցինք սկսել այս կլոր սեղանից, մշակութային եւ գիտական ոլորտներում համագործակցության հարցերից», - նշել է փոխնահանգապետը: