News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրոպական հեռարձակման միությունը  պնդում է, որ «Եվրատեսիլը» ապաքաղաքական է, սակայն նման միջոցառումը չի կարող քաղաքականությունից դուրս մնալ, քանի որ այն նշանակություն ունի ամբողջ եվրոպական հանրության համար։ Այդ մասին ասվում է «կանաչների» կուսակցությունից Բունդսթագի պատգամավոր  Ֆոլքեր Բեքի Der Standard հոդվածում։

Բեքը կարծում է, որ Բաքվում այս տարի կայանալիք մրցույթում դա ավելի քան արդարացի է։  «Այն ամենը, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, տեղի է ունենում  բռնակալ Ալիեւի հրահանգով եւ վերահսկողության ներքո։ Պետք է մտավախություն ունենալ, որ նա մրցույթը կվերածի իր վարչակարգի քարոզչության հանդիսավոր արարողության », - նախազգուշացնում է գերմանացի պատգամավորը։

Ըստ նրա՝ համաշխարհային լրատվամիջոցները եվրոպական հանրությանը պետք է տեղեկացնեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին։ «Իսկապես տհաճ կլիներ, եթե արտասահմանցի լրագրողները, հատկապես նրանք, ովքեր աշխատում են պետական ռադիոկայաններում, տեղի տային  ադրբեջանական կառավարության խիստ ճնշմանը եւ լռեին մարդու իրավունքների խախտման մասին՝ մրցույթի կանոնակարգին հետեւելու  պատրվակի ներքո», - գրում է Բեքը։

Նշենք, որ Բեքն առաջին անգամ չէ ելույթ ունենում Բաքվում «Եվրատեսիլ - 2012» մրցույթի անցկացման դեմ։ Ադրբեջանում բողոքի զանգվածային ակցիաներից հետո Բունդսթագում ելույթ ունենալով՝ նա հայտարարել էր, որ «Բաքուն անհոգ տոնակատարության անցկացման վայր չէ»։ Նա նշել էր, որ «Եվրատեսիլն» ադրբեջանցիները թանկ գնով են ձեռք բերել՝ ձերբակալություններով եւ քաղաքացիներին բռնի կերպով դուրս հանելով տներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ