News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրադարարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ այսօր` ապրիլի 27-ին, հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա)` նշելով, որ իրենք «խիստ մտահոգված» են հայ-ադրբեջանական սահմանի եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ վերջին հաղորդագրություններով, որոնց արդյունքում զոհեր ու կորուստներ են արձանագրվել:

«Նման անմիտ գործողությունները խախտում են կողմերի՝ ուժի կիրառումից զերծ մնալու եւ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունները, ինչպես նաեւ հակասում են 2012 թվականի հունվարի 23-ին նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի ընդունած համատեղ հայտարարության ոգուն: Համանախագահները խստորեն դատապարտում են կյանքի որեւէ կորուստ եւ վերահաստատում, որ հակամարտության կարգավորման գործում խաղաղ բանակցային ճանապարհը այլընտրանք չունի: Համանախագահները բոլոր կողմերին կոչ են անում հետեւել 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմին եւ զերծ մնալ պատժից գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր լարվածության», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հաստատել էր, որ անցած գիշեր ժամը 04:15-ի սահմաններում Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում ստացած հրազենային վնասվածքներից երեք հայ զինծառայողներ են զոհվել, իսկ երկու օր առաջ ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել նաեւ գյուղի, մասնավորապես գյուղի մանկապարտեզի ուղղությամբ: Երեխաներին շտապ տարհանել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ