News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2011թ-ի սեպտեմբերի 23-ին Երեւանում վնասազերծված  «բանդայի» անդամներին տուժողները առերեսման ժամանակ չեն ճանաչել, սակայն վնասազերծված բանդայի անդամները շարունակում են մնալ անազատության  մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին բանդայի գործով ձերբակալվածների հարազատները:

«Բանդայի» գործով ձերբակալված Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 1 ամիս առաջ տեղի ունեցած առերեսման ժամանակ տուժողներն իր որդուն չեն ճանաչել: «Նույնիսկ ծիծաղում են բռնողների վրա, քանի որ գիտեն, թե ում տեղը ում են բռնել»,-ասաց նա:

«Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյաննը հետեւյալ կերպ արձագանքեց իրավիճակին. «Եթե իրենք մասնակից չեն եղել, ո՞նց կարող էին ճանաչել: Ասել են, որ իրենք չեն, մենք սենց մարդ չենք տեսել: Էն մի որդիս` Արտյուշան  մի քիչ խոշոր ա` ասել են, որ սենց խոշոր մարդ չեն տեսել: Անդրանիկին եւս առերեսման ժամանակ չեն ճանաչել»,- նշեց Արտյուշա Հակոբյանը, հավելելով, որ Գառնիի բնակչությունը 2000 ստորագրություն է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրանքով, որ Սուրիկ Հակոբյանին 2 րոպե ժամանակ տրամադրի լսելու համար ու դեռ արձագանք չունեն:

«Բայց այսօր Սերժ Սարգսյանը եկել էր Գառնի եւ ասում էր, որ Գառնիի լավաշը համով ա, էս ա էն ա: Ինձ մի րոպե ժամանակ չեն տրամադրել, որ ասեմ իմ երեխաները մեղավոր չեն: Մեկ է Գառնին իր էությամբ «Բարգավաճ» է»,-ավելացրեց Սուրիկ Հակոբյանը:

Գործով անցնող Արման Դալլաքյանի մայրը` Սուսաննա  Դալլաքյանը եւս ասաց, որ  փաստաբանի փոխանցմամբ, Արմանին տարել են առերեսման, սակայն տուժողները տղային չեն ճանաչել:

NEWS.am-ը զրուցեց նաեւ տուժողների հետ, սակայն նրանց պատասխանից բոլորովին այլ պատկեր ստացվեց: Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքեց, որ նրանք դիմակներով են եղել, հետեւաբար, ոչ մեկն էլ նրանց չի կարող ճանաչել: Նա ավելացրեց, որ այդ գործով անցնող անձանցից մեկին բերել են իրենց տուն, ով ներկայացրել է, թե ինչպես են մտել ներս, հետեւաբար, կարծում է, որ ճիշտ մարդկանց են ձերբակալել:

Լինսի հիմնադրամի Ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանն էլ ասաց, որ ամեն մի նման հարցադրում իրենց վրա ազդում է:«Այո դրանք են, ճիշտ մարդկանց են ձերբակալել եւ ավելին ասել չեմ կարող»,-ասաց նա: Նախկին ԱԺ պատգամավոր, ներկայումս պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանը եւս նշեց. «Առերեսման դեպքում չէինք կարող ոչ ոքի ճանաչել, որովհետեւ բոլորի դեմքերը փակ էր դիմակներով, սակայն 100 տոկոսով համոզված եմ, որ ճիշտ մարդկանց են ձերբակալել»:

Հարկ է  նկատել, որ բոլոր տուժողներից գողացվածը մինչ օրս չի վերադարձվել:

Ավելի վաղ ոստիկանության կողմից սեպտեմբերի 23-ին վնասազերծված եւ մի շարք պաշտոնյանների բնակարանների գողությունների մեջ մեղադրվող  բանդայի հետ առնչություններ ունենալու մեջ կասկածվող երիտասարդների ծնողները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգել էին, որ ոստիկանությունը մինչ օրս ոչ միայն չի հայտնաբերել գողոնը, այլեւ պաշտոնյանները շարունակում են տուժել ավազակային հարձակումներից: Հետեւաբար` իրենք իրենց որդիների անմեղությունն ապացուցելու համար պատրաստ են հասնել մինչեւ Եվրադատարան: Մինչ այդ հիշեցնենք, որ «բանդայի» բացահայտումից հետո. հոկտեմբերի 3-ին կողոպտել էին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի բնակարանը, որը գտնվում էր Բարբյուս փողոցում։ Մուտք էին գործել  նաեւ «Նոյ» թաղամասի առանձնատներից մեկը, որը պատկանում է հայտնի գործարար Սասուն Առաքելյանին, ու հափշտակել ոսկյա զարդեր։ Իսկ դեկտեմբերի 4-ին թալանել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալ Արմեն Դանիելյանին պատկանող «Սենատոր» սուպերմարկետը, որը գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում` Դիմիտրով փողոցում: Այն դեկտեմբերի 4-ի կեսգիշերային կողոպուտից հետո փակ է:

Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին ուղղված NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հավանակա՞ն է, որ ոստիկանությունը սխալ մարդկանց ձերբակալած լինի, պատասխանել էր. «Քննություն է ընթանում եւ քննության ավարտից հետո նոր միայն բոլոր հարցերի պատասխանները հստակ կտրվեն: Այդ հարցերի պատասխանները միայն բոլոր քննչական փուլերի ավարտից հետո պարզ կլինի: Իսկ ներկա պահին, բնական է, որ նրանց հարազատները այդպես կասեն»:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ