News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսն ապրիլի 29-ին, Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների խմբի վրա ոստիկանության կողմից տեղի է ունեցել ապօրինի հարձակում, ուժի գործադրում, որի հետեւանքով կան մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ։

Ակտիվիստների այս նախաձեռնությունն իր հաստատակամությամբ, տեւականությամբ եւ գրանցած հաջողություններով, որպես քաղաքացիական հասարակության կառուցման հերթական մի աղյուս, կարող էր դառնալ օրինակելի, ինչը եւ սպառեց վարչախմբի համբերությունը։ Իշխող վարչախմբի համար ամենավտանգավոր բանը հենց քաղաքացիական հասարակության ձեւավորումն է, տարբեր ոլորտներում քաղաքացիների նախաձեռնողականության աճը, նրանց պայքարը ինչպես առանձին խնդիրների լուծման, այնպես էլ իշխանության ապօրինությունների դեմ:

Հայ ազգային կոնգրեսը սատարում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին եւ դատապարտում նրանց նկատմամբ ոստիկանական ապօրինությունները։ Կատարվածի անմիջական մեղավորը, սակայն, իշխող վարչախումբն է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի ձեռքում էլ ոստիկանությունը դարձել է բութ մի գործիք։

Քաղաքացիական բազմաբնույթ շարժումները, նախաձեռնությունները իրական որեւէ արդյունք չեն ունենա, եթե դրանք չեն տեղավորվում ընդհանուր քաղաքական կոնտեքստում։ Նմանօրինակ որեւէ խնդիր կարող է արմատապես լուծվել միայն օրինական, քաղաքական բնութագիր ունեցող իշխանության պայմաններում։ Գործող վարչախումբը այդպիսի իշխանության հակոտնյան է, ուստիեւ քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները եւս, իրենց արդյունավետության տեսակետից, առաջնահերթ մեկ խնդիր պետք է ունենան՝ այդ վարչախմբի վերացումը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադներն ապրիլի 29-ին  ձեռնամուխ էին եղել կիսակառույց կրպակների ապամոնտաժմանը: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ապամոնտաժող բրիգադին հորդորել էր անօրինականությունների չդիմել ոստիկանների նկատմամբ եւ ակցիան չվերածել բախումների: Ոստիկանների հետ առաջին բախման արդյունքում ապամոնտաժող բրիգադի անդամները կարողացել էին անցնել ներս, սակայն ոստիկանները կրկին նրանց դուրս էին հանել։ Երկաթե ճաղավանդակները քաշքշելու ժամանակ վնասվել է ակտիվիստներից մեկի ձեռքը։ 7 մարդու բերման էին ենթարկել ոստիկանության, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել:

Ակտիվիստների տարածած հայտարարության համաձայն, ոստիկանությունը անհամարժեք ուժ էր կիրառել: «Մենք չենք հանդուրժի ոստիկանների, հրահանգ տվողների եւ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու մյուս պաշտոնյաների անպատժելիությունը եւ հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր նկատմամբ կիրառված բռնի գործողությունների, կատարված այլ անօրինականությունների համար պատասխանատուները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել էին ակտիվիստները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ