News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսում դրական են գնահատում նախընտրական քարոզարշավի արդյունքները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Ըստ նրա`  օրենքով տրամադրված եթերային ժամանակը հնարավորություն է տվել ժողովրդին ներկայացնել երկրի իրավիճակը:

«Դա մեզ թույլ տվեց մատնանշել ժողովրդի նկատմամբ կատարվող հանցագործությունները, որն ամեն օր իրականացվում է գործող հանցավոր ռեժիմի կողմից: Բացի դրանից, մեզ օգնել է նաեւ հենց ռեժիմը, որն ամբողջ ամսվա ընթացքում հանդես է եկել ոչինչ չասող արտահայտություններով: Դուք ՀՀԿ-ի ոչ մի ելույթ չեք գտնի, որում կարտահայտվեին երկրում գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ որոշակի գաղափարներ, ինչ-որ  տարբերակներ: Իհարկե, այդ ամենն ուղեկցվում է զրոյական պատասխանատվությամբ: Բացի դրանից, նրանք խուսափել են ցանկացած հարցով Կոնգրեսի հետ բանավեճից` թեեւ նրանց ընձեռվել են հնարավորություններ», - նշեց զրուցակիցը:

Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացին, ապա ըստ Մուսինյանի, սկզբնապես ակնհայտ է եղել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հաշվի առնելով վարկանիշի բացակայությունը, հույսը դրել է գումարային պաշարների, ահաբեկչության, զեղծարարությունների վրա, որպեսզի «իր այդ միջոցներով» ձայներ ստանա: «ՀՀԿ-ն, հասկանալով, որ մի քանի օր անց պարտվելու է, նախատեսում է  կազմակերպված կեղծել ընտրությունների արդյունքները», - ասաց զրուցակիցը:

Միաժամանակ Մուսինյանը նշեց, որ այսօր Հայաստանում ընդդիմությունն այնքան ուժեղ է ներկայացված, որ  «իշխող ռեժիմը եւ նրան սատարող քրեական տարրերը» այդքան խիզախ չեն, որ անպատիժ գործեն իրենց տարածքում: Իհարկե, նման մի քանի խղճուկ փորձեր եղել են թիվ 7 ընտրատարածքում, բայց նրանք արդեն լավ գիտեն, որ ընդդիմությունն այնքան կազմակերպված է, որ ընդունակ է իրավական կամ այլ բնույթի պատասխան հարված հասցնել», - կարծում է ՀԱԿ-ի մամլո քարտուղարը:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ակնկալիքների մասին հարցին Արման Մուսինյանը պատասխանեց. «Մենք ժողովրդից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: Ռեժիմից սպասում ենք ընտրակեղծիքներ կատարելու լայնածավալ փորձեր, ինչին մենք կդիմակայենք: Ինքներս մեզնից ակնկալում ենք խախտումների դեմ պայքար եւ, հաջողության դեպքում, իսկ ես համոզված եմ դրանում, լուրջ արդյունքների նվաճում»:

NEWS.am-ը հիշեցնում է, որ  Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Օրենսդիր մարմնում 131 պատգամավոր կա: Խորհրդարանը ձեւավորվում է ընտրական խառը համակարգով`  90 մանդատ համամասնական, 41-ը` մեծամասնական կարգով: Այս խորհրդարանական ընտրություններին քաղաքական 8 կուսակցություններ են մասնակցում` Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Միավորված հայեր» կուսակցությունները եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ