News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

2012 թ. առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկում տեղի են ունեցել էական փոփոխություններ` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` խոշոր հարկատուների ցանկն այս տարի բավական մեծ առավելությամբ գլխավորում է «Հայռուսգազարդը»` 11.9 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարի ընկերությունն այս նույն ժամանակահատվածում վճարել էր 7.3 մլրդ դրամ ու երկրորդ տեղում էր: Հարկերի վճարման աճը հավանաբար պայմանավորված է ցուրտ ձմեռով ու գազի սպառման ծավալների մոտ 20 % աճով: Հատկանշական է, որ «Հայռուսգազարդը» երկրորդ տեղը զբաղեցրած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հարկերի վճարմամբ գերազանցում է ավելի քան 2 անգամ, ինչն աննախադեպ մեծ տարբերություն է խոշոր հարկատուների ցանկում:

Հայաստանի հանքարդյունաբերական հսկան` Զանգեզուրի կոմբինատը զգալիորեն նվազեցրել է հարկերի վճարման ծավալները, թեեւ հարկային օրենսդրության մեջ կատարած փոփոխությունները ենթադրում էին, որ հանքարդյունաբերական ձեռնարկություններից զգալիորեն ավելի շատ հարկեր կհավաքվեն: Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության` մետաղական հանքաքարի արդյունահանումն առաջին եռամսյակում ավելացել է 16.3%-ով, սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերի վրա դա որեւէ կերպ չի անդրադարձել: Ընկերությունը 2012 թ. վճարել է 5.2 մլրդ դրամ հարկ` նախորդ տարվա 7.4 մլրդ դրամի համեմատ: Հարկերի վճարման աճ կա հանքարդյունաբերական մյուս ձեռնարկությունների մոտ, սակայն այդ աճը չի փոխհատուցում Քաջարանի կոմբինատի 2.2 մլրդ դրամ պակասուրդը: Այսպես` Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընին» վճարել է 1.4 մլրդ դրամ (11-րդ տեղ)` նախորդ տարվա 961 մլն դրամի համեմատ (14-րդ տեղում էր); Ամենամեծ աճ արձանագրել է ոսկու շահագործմամբ զբաղվով «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ընկերությունը` նախորդ տարվա 195 մլն դրամի համեմատ այս տարի վճարելով 780 մլն դրամ, որը խոշոր հարկատուների ցանկում 17-րդ բավականին բարձր ցուցանիշն է: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւս ավելացրել է վճարած հարկերի ծավալը` մոտ 30%-ով, եւ 626 մլն դրամ ցուցանիշով 30-րդ տեղում է: Փոխարենը` ավելի քիչ հարկ է վճարել Ալավերդու պղնձաձուլարանը եւ Թեղուտի հանքը շահագործող «Արմենիան քափըր փրոգրամը», որը 301 մլն դրամով հանգրվանել է 72-րդ տեղում (նախորդ տարի 43-րդ տեղում էր` 341 մլն դրամ ցուցանիշով):

Խոշոր հարկատուների ցանկում ավանդաբար բարձր տեղ զբաղեցնող եւ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» եւս զիջել է դիրքերը: Ընկերությունը վճարել է 3.9 մլրդ դրամ եւ երրորդ տեղում է, սակայն 2011 թ. վճարել էր 4.5 մլրդ դրամ:

Խոշոր հարկատուների ցանկում բավական լուրջ ետընթաց կա հեռահաղորդակցության ոլորտում` «Օրանժ Արմենիան» ետ է նահանջել մինչեւ 28-րդ տեղ` 634 մլն դրամ ցուցանիշով: Նախորդ տարի ընկերությունը վճարել էր 2 անգամ ավելի` 1.3 մլրդ դրամ եւ գտնվում էր 11-րդ տեղում: Հեռահաղորդակցության մյուս երկու ընկերությունները առաջին տասնյակում են: «Ղ-Տելեկոմը» վճարել է 2.7 մլրդ դրամ եւ 4-րդ տեղում է (2011 թ.` համապատասխանաբար 2.4 մլրդ դրամ եւ 5-րդ տեղ): «Արմենթելը» վճարել է 2 մլրդ դրամ եւ 8-րդ տեղում է (2011 թ. համապատասխանաբար` 3.1 մլրդ դրամ եւ 4-րդ տեղ): Ընդհանուր առմամբ` հեռահաղորդակցության ոլորտն ավելի քիչ է հարկ վճարել, ինչը հավանաբար հետեւանք է մրցակցության հետեւանքով բջջային կապի սակագների նվազման:

Վառելիքի շուկայի գերիշխող դիրք վճարողների մոտ առկա է հարկերի վճարման աճ: «Ֆլեշը» վճարել է 2.4 մլրդ դրամ եւ նախորդ տարվա 9-րդ տեղից բարձրացել է 5-րդ տեղ` շրջանցելով հիմնական մրցակից «Սիթի պետրոլ գրուփին»: Վերջինս 6-րդ տեղում է` 2.3 մլրդ դրամ ցուցանիշով:

Նշենք, որ 14 ընկերություն 2012 թ. առաջին եռամսյակում վճարած հարկերով գերազանցել է 1 մլրդ դրամի ցուցանիշը, 2011 թ. առաջին եռամսյակում նման ընկերությունների թիվը 13-ն էր:

Պատրաստեց` Սամվել Ավագյանը

Տպել
Ամենաշատ