News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի Կոմիտեն 2013 տնտեսական տարում արտասահմանյան օգնության օրինագծի իր տարբերակում կոչ է անում շարունակել օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, սակայն չի ներառել կոնկրետ թվեր Հայաստանին վերաբերող օգնության վերաբերյալ, փաստացի աջակցելով նախագահ Օբամայի առաջարկին` կրճատել Հայաստանին տրվող տնտեսական օգնությունը 19 տոկոսով: Այդ մասին հայտնում է ՀՅԴ Ամերիկայի   Հայ դատի հանձնախումբը, գրում է «Asbarez»-ը:

Թեեւ արտասահմանյան օգնության ընդհանուր ծախսերը կրճատվել են, սակայն Սենատի Կոմիտեն ներառել է Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվելիք օգնության ձեւակերպումը, նշելով. «Կոմիտեն խորհուրդ է տալիս օգնություն ցուցաբերել ԼՂ հակամարտության զոհերին այն չափով, որը համապատասխանում է նախորդ տարիներին տրամադրվածներին, ինչպես նաեւ ընթացիկ կարիքների չափով, որոնք կապված են հակամարտության հետ»: Դա առաջընթաց է նախորդ տարվա Սենատի Կոմիտեի ներկայացրած փաստաթղթի հետ համեմատած, որում օգնությունը սահմանափակվում էր միայն  «մարդասիրական օգնությամբ» եւ չէր նշվում, որ գումարը պետք է համապատասխանի նախորդ տարիներին:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, որն ավելի վաղ այս ամսվա ընթացքում հավանություն էր տվել Հայաստանին տրամադրվելիք 40 մլն դոլար տնտեսական օգնությանը, կձգտի Հայաստանին տրամադրվող օգնության չափը համաձայնեցնել Սենատի տարբերակի հետ` երկու պալատների օրենսդիրների Համաձայնության կոմիտեի նիստի ընթացքում: 

Ինչպես եւ նախորդ տարի, Սենատը ոչինչ չի ասել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության հավասարության մասին, ինչը լուռ համաձայնություն է նախագահի այն պահանջին, որ Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող Արտասահմանյան ռազմական ֆինանսավորումը (2,7 մլն դոլար) եւ Միջազգային ռազմական կրթության եւ պատրաստության համար ֆինանսավորումը (600 հազ. դոլար) հավասար լինեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս ամսվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոմիտեն առաջարկել է կտրուկ ավելացնել Լեռնային Ղարաբաղին տրվող օգնությունը 2մլն դոլարից  5 մլն դոլարի, եւ մերժել է Օբամայի աշխատակազմի առաջարկը` կրճատել Հայաստանին տրվող օգնությունը 7,2 մլն դոլարով, կոչ անելով չտամադրել Հայաստանին տնտեսական օգնություն 40 մլն դոլարի չափով:

Կոմիտեն նաեւ կողմ է արտահայտվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության հավասարությանը եւ կոչ արել աշխատակազմին ռազմավարություն մշակել Վրաստանում հայերով բնակեցված  Ջավախքի տարաշրջանին նպատակային օգնություն ցուցաբերելու համար:  Բացի այդ, Կոմիտեն դիմել է պետքարտուղարին` կոչ անելով աջակցություն ցուցաբերել հայերին եւ մնացած քրիստոնյա խմբերին, որոնք գտնվում են ռիսկային վիճակում ` Մերձավոր Արեւելքում անհանգստությունների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ