News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային հեռուստատեսությունում դեռ չգիտեն, ցուցադրելո՞ւ են այսօր` մայիսի 26-ի երեկոյան, Բաքվում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը, թե` ոչ:

«Երեւի կցուցադրվի»,-  այսպիսին էր  «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի պատասխանը` NEWS.am-ի թղթակցի հնչեցրած հարցին, թե վերջնական ի՞նչ եք որոշել` ցուցադրելո՞ւ եք «Եվրատեսիլը», թե` ոչ: Գոհար Գասպարյանը չնշեց նաեւ, թե «Եվրատեսիլ-2012»-ի` Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրման դեպքում, ովքեր այն կվարեն: «Այլ մեկնաբանություն չունենք»,- ասաց նա:

Միայն հաջողվեց պարզել, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը» սկսվելու է տեղական ժամանակով 23.00-ին, մնում է այդ ժամին միացնել հեռուստացույցը` տեսնելու, թե վերջապես ինչ է որոշել Հանրային հեռուստաընկերությունը: 

Հիշեցնենք, փետրվարի վերջին մի խումբ հայաստանյան երգիչ-երգչուհիներ դիմել էին հանրային հեռուստաընկերությանը` կոչ անելով մասնակից չուղարկել մի երկիր, որը հայտնի է հայերի դեմ կատարած ջարդերով: Հայաստանը հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին եւ այդ մասին ժամանակին չէր հայտնել Եվրոպական հեռարձակողների միությանը, ինչի հետեւանքով էլ արժանացել էր տուգանքի:

«Եվրատեսիլի» ադմինիստրացիայի ներկայացուցիչ Յաարմո Սիյմը, NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան, հայտնել էր, որ մասնակցությունից հրաժարվելու համար Հայաստանը պիտի մուծի մասնակցության վճարի 50%-ը, ինչպես նաեւ մասնակցության վճարը: «Հիմք չկա Հայաստանին արգելելու մասնակցել գալիք տարվա մրցույթին, եթե Հայաստան հանրային հեռուստաընկերությունը հեռարձակի փառատոնը, վճարվի տուգանքը, եւ պահպանվեն եկող տավա մրցույթի կանոնները»,- ասված էր հայտարարության մեջ:

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությունը չի ցուցադրել «Եվրատեսիլի» երկու կիսաեզրափակիչները: Յաարմո Սիյմը նշել էր, որ Հայաստանը պարտավոր է ցուցադրել միայն մայիսի 26-ին կայանալիք եզրափակիչ փուլը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ