News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են եւ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին:

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը:

Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաեւ ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը եւս դրա վկայությունն են»,- նշել է նախագահը:

Նա նկատել է, որ «կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, եւ այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադարի` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորության խախտման համար, կամ այդ երկրի Զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, եւ այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք գործ ունենալ առանձին դաշտային հրամանատարների, այլ ոչ թե կազմակերպված բանակի հետ»:

«Մենք չունենք զինված ուժ կիրառելու որեւէ դրդապատճառ, քանի որ համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ուղին բանակցայինն է, եւ կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորությունից: Իսկ լուծման ճանապարհով առաջ շարժվելու համար, ինչպես բազմիցս նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության: Ադրբեջանական կողմը շարունակում է ուղիղ հակառակն անել` այլատյացության խրախուսումը դիտելով որպես երկրի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց»,- նշել է նախագահն ու հավելել. «Հատկապես ցավալի է, որ սադրիչ գործողությունները տեղի են ունեցել հենց այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում էր վստահության միջոցների ամրապնդմանը միտված` Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականների հանդիպումը, իսկ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր գտնվում մեկ այլ համանախագահ պետության` ԱՄՆ պետքարտուղարը»:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը չի ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չի թողելու մեր քաղաքացիների, պետական սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որեւէ գործողություն: «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ ցուցաբերել զսպվածություն եւ զգոնություն` միեւնույն ժամանակ կանխել եւ պատժել հակառակորդի ցանկացած սադրանք: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը եւ Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածների արյունը»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ