News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետական բյուջեից 2012 թ. իրականացվելու է մոտ 500 մլրդ դրամի (մոտ 1.2 մլրդ դոլար) գնում` ապրանքներ, ծառայություններ, շինարարական աշխատանքեր: Այն, որ պետական գնումների համակարգում լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան` վաղուց է հայտնի: Թեեւ 2011 թ. գնումների մասին օրենքն արմատապես վերանայվեց, սակայն հիմնախնդիրները չվերացան: Պետությունը ողջ տնտեսական համակարգի խոշորագույն գնորդն է, սակայն տնտեսվարողների մեծ մասը գնումների գործընթացին չի մասնակցում: Այսինքն` գնումների համակարգի միջոցով իրական մրցակցային դաշտ չի ձեւավորվում: Արդյունքում` պետական բյուջեն միայն գնումների համակարգում առնվազն 20% արդյունավետության կորուստ ունի, իսկ դա 200 մլն դոլար է: Համեմատության համար` բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով Հայաստանը 2012 թ. պետք է ներգրավի մոտ 150 մլն դոլար: Եթե միայն գնումների համակարգում կորուստները վերանան, արտաքին վարկերի անհրաժեշտությունը կվերանա:

Այդ կորուստներն առաջանում են այն պատճառով, որ պետական գնումներով ձեւավորված գները որպես կանոն էապես բարձր են շուկայական գներից: Շատ հաճախ հայտարարվում են մրցույթներ, որոնց արդյունքում գինը 20-30%-ով գերազանցում է ցանկացած խանութում նույն ապրանքի գնին: Որոշ դեպքերում դա ուղղղակի կոռուպցիայի հետեւանք է, սակայն որոշ դեպքերում էլ` գնման ընթացակարգերի անկատարության: Օրինակ` պետական բաժնեմասերով ՓԲԸ-երին ստիպում են գնումներ կատարել հատուկ ընթացակարգերով, սահմանափակելով նրանց շուկայավարման հնարավորությունը: Արդյունքում` ՓԲԸ-ն իբր հայտարարում է մրցույթ, որին մասնակցում է շուկայի 100 մասնակցից 2-ը, եւ նա ստիպված է ընտրություն կատարել ոչ թե հարյուրի, այլ երկուսի միջեւ: ՓԲԸ-երի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ եթե շուկայավարման լիարժեք հնարավորություն ստանան, ապա պետական բյուջեից իրենց տրամադրված միջոցներն ավելի արդյունավետ կծախսեն:

Այլ է վիճակը ՊՈԱԿ-երի (պետական ոչ առեւտրային կազմակերպություն)  եւ պետական գերատեսչությունների դեպքում: ՊՈԱԿ-երը մեծամասամբ ծախսում են վարկային ու դրամաշնորհային միջոցներ, ու այս ոլորտը ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն ունի: Թեկուզեւ այն պատճառով, որ նրանց կողմից հայտարարվող մրցույթների մեծ մասը տեսանելի չէ բիզնեսին` դրանց հայտարարությունները տպագրվում են անհայտ պարբերականներում: Ըստ էության` ՊՈԱԿ-երն ուղղակի ձեւ են անում, թե մրցույթ են անցկացնում, իրականում ամեն ինչ կանխորոշված է մինչ մրցույթը:

Ինչ վերաբերում է պետական մարմիններին` ապա այստեղ առկա է վերահսկողության դեֆիցիտ: Գերատեսչություններ կան, որ ամեն տարի կահույք են փոխում: Կամ` սովորական պատճենահանումը պետական մարմնում մի քանի ագամ թանկ է, քան շուկայական գներն են: Ընդ որում` վերահսկողական մարմիններից միայն Վերահսկիչ պալատն է փորձում գնահատել պետական մարմնի ծախսերի արդյունավետությունը, այնինչ արդյունավետության հարցերը պետք է ներառվեն բյուջետային գործըթնացի բոլոր փուլերում: Որոշ աշխատանքներ սկսել է իրականացնել նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որն այս տարի առաջին անգամ վարույթներ հարուցեց պետական գնումների համակարգում: Սակայն առայժմ վաղ է խոսել համակարգային կարգավորման մասին, իսկ պետական գնումների համակարգը հենց այդպիսի համակարգային կարգավորում է պահանջում:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ