News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տարանցիկ էներգետիկ ռեսուրսների լիիրավ մասնակից, «եթե ղարաբաղյան հիմնախնդիրը երբեւէ լուծվի», հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի թեկնածու նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը` ելույթ ունենալով Սենատում, հայտնում է NEWS.am գործակալությունը:

«Ես չեմ պատկերացնում, թե ինչը կարող է նպաստել կայունությանը, տարածաշրջանային աճին եւ տնտեսական զարգացմանն ամբողջ Կովկասի տարածաշրջանում ավելի շատ, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,- հայտարարել է Մորնինգսթարը` ելույթ ունենալով միջազգային հարցերով Սենատի հանձնաժողովի նիստին: Հայաստանը կարող է մասնակցել  էներգետիկ նախագծերում, համաձայնեք, դա (ներկայիս իրավիճակը) ձեռնտու չէ»: Ըստ դիվանագետի` ղարաբաղյան հիմնախնդրի առկայությունն Ադրբեջանին շեղում է այլ կարեւոր հարցերից, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից: 

Պատասխանելով Ադրբեջանի դիվերսիային վերաբերող Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցերին, որիր արդյունքում զոհվել են հայ զինվորներ, ինչպես նաեւ «ադրբեջանցի զինվորների կողմից իրադրության սրման վերաբերյալ» եւ «Ադրբեջանի նախագահի այն խոստման մասին, որ Հայաստանը վախի մեջ է ապրելու», Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում լինելու դեպքում նա մտադիր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ երաշխավորել զերծ մնալ «ցանկացած անարդյունավետ հայտարարություններից, այդ թվում նաեւ նշվածներից»:

«Յուրաքանչյուր կողմի ցանկացած գործողություն, որի արդյունքում  իրավիճակը սրվում է եւ զոհեր են լինում, կարող են անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել», - ընդգծել է Ռիչարդ Մորնինգսթարը:

Սենատոր Մենենդեսը բարձրացրել է նաեւ Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից սպառազինում ներկայացնելու նպատակահարմարության հարցը ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով, որ դա կարող է օգտագործվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ:

« Այդ իրավիճակն Ադրբեջանի նախագահի սպառնալիքների հետեւանքն է, նրա հայտարարության այն մասին, որ Հայաստանը վախի մեջ է ապրելու, ինչպես նաեւ նրա այլ հայտարարության, որ Ադրբեջանի թշնամիներն են ամբողջ աշխարհի հայերը»,- նշել է սենատորը:

«Կարծում եմ, որ ռազմական սարքավորումների մատակարարումների հարցը բարդ հարց է: Եկեք ընդունենք, որ Ադրբեջանն ապրում է շատ  դժվար հարեւանության պայմաններում, Իրանի կողմից աճող ճնշման պայմաններում եւ տվյալ ռազմական համագործակցությունը (ԱՄՆ-ի հետ) եւ սպառազինումը չի սրի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունները»,-  նշել է Մորնինգսթարը:

«Սակայն Ադրբեջանը չի ասում, որ իր թշնամին կամ անվտանգության խնդիրն Իրանն է, այլ հակառակը, խոսում է այն մասին, որ հայերն են, եւ ես լուրջ խնդիր եմ տեսնում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական սարքավորման տրամադրման հեռանկարում»,- պատասխանել է սենատոր Ռոբերտ Մենեդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ