News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Սիվիլիթաս» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ` կապված ԱԱԾ-ում հիմնադրամի գործունեության հետ կապված քրգործի հարուցման հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու եւ մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք «փողերի լվացման եւ հարկերից խուսափելու» մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին:

Ազգային անվտանգության ծառայությանը շեղել են ազգային իսկական անվտանգությունն ապահովելու նրա կարեւոր առաքելությունից եւ ստիպել զբաղվել ինչ-որ փաստերի փնտրտուքով, որոնք հարկավոր են կայացրած եզրակացությունը հիմնավորելու համար: Ակնհայտ է, որ այս ամենը միտված է խոչընդոտելու «Սիվիլիթասի» եւ «ՍիվիլՆեթի» գործունեությունը:

«Սիվիլիթասի» նախաձեռնած ծրագրերը այս չորս տարիների ընթացքում իրականացվել եւ իրականացվում են Հիմնադրամի կանոնադրության եւ Հայաստանի օրենքների պահանջների խստագույն կատարմամբ: Մեր ամբողջ գործունեությունը կանոնավոր աուդիտ է անցնում:

«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի որեւէ անդամի եւ/կամ որեւէ աշխատակցի քրեական հանցագործության մեջ կասկածելը ահազանգ է Հայաստանի՝ պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված նոր սերնդին, որը գիտակցում է, որ իր պատասխանատվությունն ու իրավունքն է մասնակցելու այս երկրի կառավարմանը:

Առհասարակ, անընդունելի եւ պարսավելի է, երբ այս ամենի մեջ շոշափվում է այնպիսի մեծ բարերարի անուն, ինչպիսին Ջոն Հանթսմանն է, մարդ, որն անկախությունից ի վեր Հայաստանում անգնահատելի բարեգործություն եւ ներդրումներ է արել: Միթե Հայաստանի իշխանությունները պատրաստ են օտարել բոլոր այն մարդկանց եւ հաստատություններին, որոնք մեր երկրի ժողովրդավարացման ու զարգացման գործում այդքան մեծ ներդրում են ունեցել:

Հասարակական այն լայն աջակցությունը, որ «Սիվիլիթասն» ստանում է այս օրերին, ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու մեր գործը շարունակելու ենք միասին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ