News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ»  միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երեւանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով եւ ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա եւ մասնավորապես «Սոկա Գակկայ» համալսարան:

«Ավելին, լսել եմ, որ այդ այցի ժամանակ համալսարանի սաները հայերենով փայլուն կատարել են «Էրեբունի-Երեւան» երգը, որը շատ ողջունելի եւ հաճելի է մեզ համար»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Գնահատելով ասոցիացիայի գործունեությունն ուղղված  նոր արժեքների ստեղծմանը` քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման համար: Նաեւ հավելել է, որ ճապոնական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում 2010 թվականից Երեւանն անդամակցում է նաեւ «Քաղաքապետերը հանուն խաղաղության» կազմակերպությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ պատրաստակամության համար` «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլի» գործադիր տնօրեն Քենջի Յոշիգոն ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունը եւ նշել, որ Դայսակու Իկեդայի ստեղծագործական անձնական ժառանգությունը շատ բազմազան է եւ ցուցադրվել է աշխարհի ավելի քան 130 քաղաքներում: Քենջի Յոշիգոն նաեւ ընդգծել է, որ երեւանյան ցուցահանդեսի կազմակերպումը լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ասոցիացիայի նախագահ 84-ամյա Դայսակու Իկեդային եւ ընդգծել, որ Երեւանը բաց է բոլոր բարեկամների եւ հյուրերի առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ