News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության կազմը վաղը` հունիսի 16-ին ներկայացվելու է Հայաստանի նախագահի հաստատմանը: Այդ մասին ՀՀԿ խորհրդի եւ Գործադիր մարմնի նիստերից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Վերջինիս խոսքով, ինքը գոհ է կառավարության նոր կազմից, սակայն եթե այն իրեն չարդարացնի, 2013թ. կթարմացվի: Հարցին, թե ինչու է այժմ ներկայացվել կառավարության ծրագիրը, եթե կառավարության կազմում փոփոխություններ կարող են լինել, վարչապետը պատասխանել է. «Դա օրենքի պահանջ է: Կառավարությունը պարտավոր է ներկայացնել 5 տարվա ծրագիրը եւ ամեն ինչ անել, որ այն իրականացվի»:

Անդրադառնալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության հետ չհանդիպելու հանգամանքին, Տիգրան Սարգսյանը նշել է. «ՀԱԿ-ը ծրագրի վերաբերյալ արդեն իր բացասական տեսակետն էր հայտնել, եւ դա էլ ի սկզբանե անիմաստ էր դարձրել որեւէ քննարկում, սակայն եթե իրենք պատրաստ են համագործակցել կառավարության հետ, մենք սիրով կհամագործակցենք եւ նրանց բոլոր առաջարկները կքննարկենք»:

Նշենք, որ հունիսի 20-22-ը կայանալու է ԱԺ արտահերթ նիստ, որն ընդունելու է կառավարության գործունեության նոր, հնգամյա ծրագիրը:

Ինչպես ավելի ավղ հայտնել էր NEWS.am-ը, `հունիսի 15-ին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի կազմում որոշվել են կառավարության անդամների անունները: Տրանսպորտի եւ կապի նախարար է դարձել Գագիկ Բեգլարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի` Արտեմ Սարգսյանը, առողջապահության` Դերենիկ Դումանյանը: Մյուս նախարարները պահպանել են իրենց պաշտոնները: Եւս երեք պորտֆել հասել է ՕԵԿ-ին, իսկ սպորտի նախարարի պաշտոնին կարող է նշանակվել անկուսակցական Հրաչյա Ռոստոմյանը, ով կարճ ժամանակ առաջ դեռ ԲՀԿ-ական էր:

Տպել
Ամենաշատ