News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնությամբ, հունիսի 15-17-ին, Ծաղկաձորում կազմակերպվել էր ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար: 9 սահմանամերձ գյուղի (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես եւ այլն) 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ եռօրյա հագեցած օրեր են անցկացրել Ծաղկաձորում. մասնակցել առաջին բուժօգնության դասընթացների: Նրանց հետ զրույցներ են անցկացրել հոգեբանները, ուսուցանվել են ազգային երգեր եւ պարեր:

Ներկաներին առավելապես հետաքրքրում էին ԼՂՀ հիմնախնդրի բանակցային գործընթացը, ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, սահմաններում հրադադարի ապահովումը։

Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վոլոդյա Ավագյանը նշում է, որ հակառակորդի արձակած կրակոցներին վաղուց արդեն սովորել են ու խուճապի չեն մատնվում։ Ծնողներն ու ուսուցիչները սովորեցրել են՝ կրակոցներ լինելու դեպքում ինչպես իրենց պահեն վտանգից խուսափելու համար։

Մովսես գյուղի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մարո Առաքելյանը փաստում է, որ հայրենասիրության պակաս պատանիների մոտ չկա. «Երեխաներն ուզում են պահել իրենց սահմանը, նրանց ցանկությունն է՝ իրենց գյուղը լինի կանգուն։ Այս երեխաները փոքր տարիքից սահմանապահ ու զինվոր են եւ երբեք իրենց բնակավայրը ոչ ոքի չեն տա»:

Սահմանամերձ գյուղերի աշակերտների հետ հանդիպել են եւ զրույցներ ունեցել Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, Մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ասոցիացիայի փոխնախագահ Խաչատուր Գասպարյանը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Երեւանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Արմեն Սողոյանը։ Մասնագետները փորձել են պարզել, թե սահմանային միջադեպերի պայմաններում ապրող երեխաների մոտ ինչպիսին է ապագայի ընկալումը։ Ըստ Խաչատուր Գասպարյանի՝ տրավմատիկ իրադարձությունները մարդու կյանքը շրջադարձային ձեւով կարող են փոխել։ «Ավագ դպրոցի երեխաների տարիքային առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ փորձում են փնտրել-գտնել իրենց տեղը կյանքում։ Եվ այդ ժամանակ երբեմն տրավմաները մարդուն խանգարում են։ Մենք փորձեցինք հասկանալ, թե այդ տրավման ինչ է փոխել նրանց կյանքում։ Երբեմն տրավման կարող է նաեւ օգնել մարդուն ավելի հեշտությամբ կողմնորոշվել։ Մեր զրույցների ընթացքում աշխատեցինք օգնել երեխաներին ազատվել այդ տրավմաներից»,- նշել է Խաչատուր Գասպարյանը։

Տպել
Ամենաշատ