News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին տեղի է ունեցել Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրի պաշտոնական բացման արարողությունը: Մասնակցել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ արդարադատության փոխնարար Եղիշե Կիրակոսյանը, դատարանների նախագահներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը, շնորհավորելով դատավորներին եւ աշխատակազմին նորակառույց շենքի բացման կապակցությամբ, նշեց, որ շենքը հարմարավետ է, համապատասխանում է միջազգային չափանիշներին: Արման Մկրտումյանն իր խոսքում շեշտել է, որ անկախ դատական համակարգի կայացման խնդիրը գտնվում է ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության եւ հոգատարության ներքո: Ֆինանսական ճգնաժամի պայմաններում ահռելի ֆինանսական միջոցներ են հատկացվում դատարանի նորակառույց շենքի համար: Այսօր դրա վառ ապացույցն է այս շենքի բացումը: Այսօր մենք կատարեցինք եւս մեկ քայլ անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին: Դա բոլորիս երազանքն է ունենալ լիարժեք, անկախ դատական համակարգ: Ընդամենը ճանապարհներն են տարբեր. ոմանք միայն խոսում են, իսկ մենք ամենօրյա մեր աշխատանքով լուռ, քայլ առ քայլ, հետեւողական աշխատանքով գնում ենք դեպի այդ նպատակի իրագործման:

ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, շնորհավորելով բոլորին,  մատնանշել է, որ արդարադատության իրականացման համար անկախ դատական համակարգի պայմաններում, ի թիվս այլոց լավ շենքային պայմանների առկայությունը շատ կարեւոր է: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում հաջողվել է կառուցել եւ վերակառուցել մի շարք դատարանների շենքեր:

Նշենք, որ նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է «Արարատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: Շենքը համապատասխանում է դատարանների անվտանգության եւ նախագծման ժամանակակից չափանիշներին: Բաժանված է անվտանգության երեք գոտիների: Բաց գոտին նախատեսված է հասարակության համար, ներառում է կենտրոնական մուտքը, գրասենյակը, դատական դահլիճները, սպասարկման տարածքները: Փակ գոտին` դատավորների եւ դատարանների աշխատակազմերի համար: Արգելված գոտին առանձնացված է դատական նիստից առաջ եւ հետո շենքում ժամանակավորապես պահվող կալանավորված անձանց պահելու համար: Դատարանն ունի կահավորված երկու դատական նիստերի դահլիճ: Վարկային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել ու տեղադրվել դատական դահլիճների կահավորանքը, գրասենյակային կահույքը, մուտքերի հսկման համակարգը, համակարգչային տեխնիկան եւ համակարգչային ցանցը:

Տպել
Ամենաշատ