News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր նախընտրական արշավն սկսել է Արցախի պետական համալսարանից: Նրա նախընտրական շտաբից հայտնում են, որ Վիտալի Բալասանյանի ծրագրի առաջնահերթություններն են` զարգացած կրթություն եւ գիտություն, օրինապահություն, Արցախի վերբնակեցում, գյուղի զարգացում:

Վիտալի Բալասանյանը Արցախի պետհամալսարանում ուսանողներին է ներկայացրել կրթության ու գիտության մասին ծրագրային դրույթները, ինչպես նաեւ պատասխանել նրանց հարցերին: Նախընտրական ծրագրի մեջ կրթության եւ գիտության վերաբերյալ դրույթներ ներառելիս հիմնականում հաշվի են առնվել հայաստանյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամների առաջարկները:

Ոստիկանության ծառայողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն նշել է, որ թեեւ ոստիկանները համարվում են համեմամտաբար բարձր վարձատրվող ծառայողներ, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ աշխատավարձը բավարար չէ նորմալ կենսակերպի համար եւ չի համապատասխանում ոստիկանական ծառայության ռիսկայնությանը եւ կարեւորությանը: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանն ու Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքին, Բալասանյանը նշել է, որ անտարբեր ենք դարձել մահերի նկատմամբ, ինչն անթույլատրելի է: «Պետք է է վերանայել մարտական հերթապահության վարման ձեւը, լուրջ փոփոխություններ մտցնել այդ ծառայությունում, քանի որ կիրառվող մոդելը շատ շուտվանից իրեն չի արդարացնում»,- նշել է նա, հավելելով, որ հարկավոր է սահմանն ապահովել ժամանակակից ինժեներական կառույցներով եւ իջեցնել հայ զինվորի խոցելիության աստիճանը:

Այնուհետեւ նախագահի թեկնածուն հանդիպումներ է ունեցել Ուղտասար, Խրամորթ, Փառուխ, Արմենակավան, Նախիջեւանիկ, Վարդաձոր գյուղերի բնակիչների հետ: Վ. Բալասանյանը ներկայացրել է գյուղական ենթակառուցվածքներին, գյուղատնտեսությանը, շրջանների համաչափ զարգացմանը վերաբերվող ծրագրային դրույթները, պատասխանել հարցերին:

Հունիսի 21-ին հանդիպումները կշարունակվեն Ստեփանակերտի տարբեր թաղամասերում եւ հիմնարկներում:

Տպել
Ամենաշատ