News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 21-ին, Ազգային ժողովի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոցից) ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, ում պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, նրա թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկների:

Գասպարրի ձեռքին եղել է պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ:

Նա նշել է, որ հավատ չունի, թե մեղավորները կպատժվեն:

«Միշտ էլ այդ դեպքերը եղել են, հարցերը փակել են, սվաղել են: Սա առաջին անգամը չի, որ կոնկրետ Ռուբեն Հայրապտյանը նման ամենաթողության է դիմում: Ես գոնե հիշում եմ մի քանի դեպք՝ 2008-ի ընտրությունների ժամանակ լրագրողին ընտրատեղամասից հանել-տարել, «Հարսնաքարում» ծեծել, Երջանիկ Աբգարյանին, Գուրգեն Եղիազարյանին էին բռնության ենթարկել: Եվ այսպես, միայն Ռուբեն Հայրապետյանի հետ կապված մի քանի դեպքեր ես հիշում եմ: Սա ոչ համարժեք արձագանքման արդյունքն է, որ այս դեպքերը շարունակվում են»,-ասել է նա ու հավելել. «Ես այստեղ եկել եմ, ներողություն էթիկայի խախտման համար, որ ասեմ՝ թքած ունեմ օլիգարխիայի կարմիր գծերին, եկել եմ ասելու, որ Ռուբեն Հայրապետյանը իմ գնահատմամբ՝ մարդասպան է»:

Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին է մոտեցել ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, եւ խլել է ՀԱԿ ակտիվիստի ձեռքի ցուցապաստառը:

Ի պատասխան Վարդգես Գասպարին սկսել է բացականչել. «Ալեքսանյան խուլիգան»: Այդ պահին նրան է մոտեցել Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին տապալել ակտիվիստին եւ հեռացել:

Վարդգես Գասպարին նույն պահին ոստիկաններից մեկին հաղորդում է տվել, նշելով, որ ԱԺ մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը, իսկ նրա թիկնապահը հրել եւ վայր է գցել իրեն։

Տպել
Ամենաշատ