News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկումների ավարտից հետո հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որում նա մասնավորապես ասել է.

«Ազգային Ժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ: Մեր քաղաքական թիմն էապես հեշտացրեց իմ ելույթը, քանի որ իմ գործընկերներն անդրադարձան այն բոլոր հարցերին, որոնք բարձրացվում էին դահլիճում ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Կարծում եմ, որ իմ գործընկերները շատ հարցերի սպառիչ եւ հիմնավոր պատասխաններ տվեցին: Եվ ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձավ մի քանի մեղադրանքների, եւ հանձնաժողովների ներկայացուցիչները, եւ մեր քաղաքական թիմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարները: Կարծում եմ`նրանք հիմնավոր եւ փաստարկված կերպով ներկայացրեցին, թե ինչու է այս ծրագիրը կենսունակ եւ ինչ գաղափարների վրա է այն հիմնված:

Մենք անսխալ չենք, երբեւէ այդպիսի դիրքորոշմամբ հանդես չենք եկել: Մեր թիմի քաղաքական ղեկավարը մեզանից մշտապես պահանջել է լինել բաց եւ թափանցիկ, եւ մենք ինքներս պետք է բացահայտենք մեր թերությունները: Մեր աշխատելաոճն այս տարիների ընթացքում եղել է հենց այդպիսին, բայց դա չի նշանակում, որ եթե մենք բացահայտում ենք մեր բացթողումներն ու թերությունները, մեզ պետք է վերագրել բաներ, որոնք մենք չենք ասել ու չենք արել: Արհեստական փաստարկներ որոնելը եւ մեզ քննադատության թիրախ դարձները թուլության նշան է: Բազմաթիվ անգամ մեր կառավարությունը նշել է` արտագաղթը չարիք է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանից որեւէ քաղաքացի չհեռանա: Արհեստական փաստարկներ եւ անձնական վիրավորանքներ են ներկայացվում, թե վարչապետն այսինչ թվականին այնինչ լրագրողին այսպիսի բան է ասել: Մեր հերքումները մեր ընդդիմախոսներին չեն բավարարում եւ գաղափարախոսական քաղաքական բանավեճից հարցը տեղափոխվում է անձնական դաշտ: Անձնական դաշտում լրջագույն պետական խնդիրներ քննարկելը լավ մեթոդ չէ:

Այս դահլիճում հնչեց կեղծ թվերի վրա երկրորդ մեղադրանքը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը ճգնաժամի տարիներին իր անձնական հարստությունը կտրուկ ավելացրել է: Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, եւ ես կարծում եմ, որ հետապնդում է մեկ նպատակ` վերջին տարիների ընթացքում նպատակադրված կերպով զրպարտել ու վարկաբեկել անձամբ վարչապետին: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին` զերծ մնալ այդ մոտեցումից, այս ամբիոնը չօգտագործել որեւէ մեկին անձնապես վիրավորելու, հաշվեհարդար տեսնելու, զրպարտելու, վարկաբեկելու համար: Դա վայել չէ հայ մարդուն եւ այդ ճանապարհը վտանգավոր է:

Երրորդ, այս քաղաքական բանավեճը ցույց տվեց, եւ այդ առումով համաձայն եմ ՀԱԿ-ի քաղաքական գնահատականի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն: Վերջին չորս տարիների ընթացքում Հանրապետության Նախագահի ջանքերի շնորհիվ մենք կարողացանք ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ եւ այսօր խորհրդարանում ունենք շատ ավելի բարձր մակարդակի քաղաքական բանավեճ, որից, իհարկե, օգտվում է մեր հասարակությունը, մեր ժողովուրդը եւ մեր պետությունը: Սա առաջընթացի ճանապարհ է եւ կարծում եմ` այս նվաճումը մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք նկատել եւ արձանագրել:

Հաջորդը, որո՞նք են այն հիմնարար խնդիրները, որ կանգնած են մեր առջեւ, եւ արդյոք կառավարությունն իրատեսորեն չի մոտենում այս իրավիճակին: Հարգելի գործընկերներ, մեր խմբակցության ղեկավարն այս հարցի պատասխանը եւս տվեց: Որեւէ նոր փաստարկ կամ նոր երեւույթ, որը մենք չենք նկատել եւ չենք արտացոլել այս փաստաթղթում, այս դահլիճում չհնչեց: Բոլոր այն բացասական երեւույթները, որ բարձրաձայնվում էին, նկարագրված են մեր փաստաթղթում: Մենք առաջարկում ենք մոտեցումներ, թե ինչպես ենք այդ խնդիրները լուծելու:

Չորրորդ հարցը` մենք չկարողացանք կանխատեսել ճգնաժամը: Արդարացի եւ ճիշտ քննադատություն է: Այո՛, չկարողացանք, իսկ աշխարհի ո՞ր պետությունը կանխատեսեց ճգնաժամը: Եվ արդյոք, եթե մենք կարողանում ենք կանխատեսել ճգնաժամը, այդ երեւույթը ճգնաժամայի՞ն է կոչվում: Արդյոք աշխարհում կա՞ որեւէ պետություն, որն իր վրա համարձակություն կվերցնի եւ կասի, թե երբ է գալու ճգնաժամի երկրորդ ալիքը, որտեղից է այն գալու, ինչպիսի ռիսկեր գոյություն ունեն: Աշխարհի լավագույն մասնագետները, հզոր պետություններն այս հարցի շուրջ չունեն համաձայնություն: Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը սա է քննարկում եւ բոլորը մտահոգված են, որովհետեւ համաշխարհային տնտեսության մեջ կան անհավասարակշռվածություններ ու բոլորն զգում են, որ տեղի են ունենալու նոր իրադարձություններ, բայց ոչ ոք չի կարող ասել երբ է այն լինելու, որտեղից է սկսելու, որ պետությունն է առաջինն այդ հարվածն իր վրա ստանալու: Այսօր եւս մենք չենք կարող կանխատեսել եւ աշխարհում չկա որեւէ մեկը, ով կկարողանա կանխատեսել, թե երկրորդ ալիքն ինչպես է գալու: Դրա համար էլ այդ երեւույթը կոչվում է ճգնաժամ: Երբ օրինաչափությունները դադարում են գործել:

Հաջորդ խնդիրը: Ի՞նչ մենք պետք է անեինք, որ չենք արել: Պետք է լինեինք ընդլայնողական: Տասնյակ հոդվածներով պատասխանեցինք այդ հարցին: Աշխարհի լավագույն մասնագետներին հրավիրեցինք, սեւը սպիտակի վրա գրեցին, որ Հայաստանի կառավարության գործողություններն ընդլայնողական էին: Ունեցանք 7.7 տոկոսի դեֆիցիտ, արտաքին պարտքը մեծացրեցինք: Դա ընդունում եք եւ միեւնույն ժամանակ նշում, որ կրճատողական էինք: Ինչպե՞ս հասկանալ սա: Չեք ցանկանում համակերպվել այս վերլուծությունների եւ օբյեկտիվ հանգամանքների հետ:

Հաջորդ հարցը: Ի՞նչ է պետք անել: Արդյոք հնչեցի՞ն առաջարկություններ, որոնց ուղղությամբ մեր փաստաթղթում չկան դրույթներ: Այդպիսի առաջարկություններ, հիմնական ոլորտներ, որոնք բացակայում էին մեր փաստաթղթում, ես չեմ տեսնում: Կային կոնկրետ առաջարկներ մեր ընդդիմախոս պատգամավորների ելույթներում, որոնք պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում: Այդպիսի առաջարկություններ եղան եւ ՀՅԴ-ի, եւ «Ժառանգության», եւ ՀԱԿ-ի պատգամավորների ելույթներում: Ես, հարգելի գործընկերներ, խոստանում եմ, որ ձեր որեւէ առաջարկություն չի վրիպելու մեր ուշադրությունից, մենք պատրաստ ենք ձեր առաջարկությունների շուրջ ձեզ հետ կոնստրուկտիվ աշխատանք ծավալել: Իհարկե, մոտեցումների մեջ կարող են լինել տարբերություններ, բայց համոզված եմ, որ մեր բանավեճը եւ քննարկումները կօգնեն կառավարությանը գտնել այնպիսի լուծումներ, որոնք այս պահի դրությամբ իրատեսական են:

Հարգելի գործընկերներ, ավարտելով խոսքս առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային Ժողովին`շահագրգիռ քննարկումների համար: Կարծում եմ, որ այդ քննարկումներն այսօր բարձրացվել են նոր մակարդակի վրա եւ համոզված եմ, որ այս ոճը նպաստելու է մեր պետության զարգացմանը: Միեւնույն ժամանակ, հավաստիացնում եմ ձեզ, որ կառավարությունը, Հայաստանի Հանրապետական եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունները Հանրապետության Նախագահի գլխավորությամբ այն թիմն է, որը գիտակցում է այսօր առկա մարտահրավերներն ու ռիսկերը, եւ այն ուղղությունները, որոնցով կարող ենք լուծել մեր երկրի բարգավաճման խնդիրները:

Կարծում եմ` քվեարկելով այս ծրագրի օգտին, տալով մեզ վստահության քվե` մենք ձեզ հետ միասին ապահովելու ենք մեր երկրի համար կայուն զարգացում: Շնորհակալություն»:

Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ընդունվել է  75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

 

Տպել
Ամենաշատ