News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը.

Հայաստանի Ազգային ժողովն արդեն հավանություն է տվել կառավարության հնգամյա ծրագրին: Պատմեք, խնդրեմ, ծրագրի արտաքին քաղաքական բաղադրիչի մասին:

Առաջիկա տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակելու է զարգանալ այն ուղղությամբ, որի նպատակն է ապահովել պետության շահերի պաշտպանությունը, երկրի անվտանգությունը, տնտեսության զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ստեղծումը, Հայաստանի միջազգային հեղինակության աճը, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովումը:

Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Այդ առումով առավել մեծ ջանքեր են գործադրվելու Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ներառելու ուղղությամբ: Բոլորի համար ակնհայտ է, որ առանց վերջինիս մասնակցության բարդ է խոսել գործընթացի արդյունավետության մասին: Բնականաբար, մենք ելնում ենք այն դրույթից, որ հակամարտության կարգավորման հիմքում պետք է դրվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բացի այդ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ջանքերը պետք է ուղղված լինեն ուժային լուծումների փորձերը բացառելուն: Հայաստանը շարունակելու է աջակցել ԼՂՀ բոլոր քայլերին` միտված նրա տնտեսական զարգացմանը, պաշտպանունակության ամրապնդմանը, եւ, ընդհանուր առմամբ, հայկական երկու պետությունները ձեռք ձեռքի տված շարունակելու են ժողովրդավարական հասարակության զարգացման ուղին: Այդ առումով, սակայն, առկա է հետաքրքիր տարբերություն, եթե Հայաստանն մշտապես գտնվում է մոնիտորինգի տակ, մեզ մատնանշում են խնդիրներն ու սխալները, ապա ԼՂՀ-ն ժողովրդավարական հասարակություն է ստեղծում առանց որեւէ արտաքին օգնության: Ավելին, Արցախում հերթական ընտրություններից հետո, որոնք բնութագրվում են միջազգային ստանդարտներին իրենց համապատասխանությամբ, Ադրբեջանին հաճոյանալու նպատակով երբեմն դատապարտող ձայներ են հնչում:

Հայաստանը շարունակելու է խորացնել դաշնակցային հարաբերություններն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, զարգացնել բարեկամական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ընդլայնել համագործակցությունը Եվրամիության երկրների եւ հենց ԵՄ-ի հետ: Նաեւ կարեւոր է հարաբերությունների հետագա խորացումը հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ, որոնց ժողովուրդների հետ մեզ կապում են բարիդրացիության պատմական կապերը:

Ընդլայնվելու է համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, արաբական աշխարհի երկրների հետ: Առավել մեծ ուշադրություն կդարձվի ասիական տարածաշրջանի, Աֆրիկյան մայրցամաքի եւ Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը:

Կառավարության ծրագրում հատուկ ուշադրություն է դարձված ռազմա-քաղաքական անվտանգության ապահովմանը: Այդ առումով կարեւոր են դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որտեղ մենք շարունակելու ենք խորացնել համագործակցությունը: Կազմակերպությունը համեմատաբար երիտասարդ է, ընթանում է դրա ամրապնդման եւ արդյունավետության բարձրացման գործընթացը: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում:

Ընդհանուր առմամբ կառավարության եւ, մասնավորապես, արտաքին քաղաքական գերատեսչության ծրագրի կարեւոր բաղադրիչներից են այն ջանքերը, որոնք միտված են մարդկության դեմ այնպիսի հանցագործության կանխարգելմանն ու դատապարտմանը, ինչպիսին ցեղասպանությունն է: Այդ աշխատանքը առանձնակի կարեւորություն է ներկայացնում հայ ժողովրդի վերապրած ողբերգության 100-րդ տարելիցի լույսի ներքո: Մեր պետության եւ Սփյուռքի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը կարեւոր են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ միջազգային հանրության համար: Քանի որ երբ մարդկության դեմ հանցագործությունները մնում են անպատիժ, ավելին, երբ հերքվում է հանցագործության իրականացման փաստը, դա բարենպաստ պայմաններ է ստեղծում ապագայում նման հանցագործությունների կրկնության համար:

Մենք նաեւ կշարունակենք ջանքերն ակտիվորեն մասնակցելու տարբեր միջազգային կառույցների գործունեությանը, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով, անկախ այն հանգամանքից, թե ինչ կազմակերպություն է դա եւ ինչ շահեր են մեզ կապում դրա հետ:

Նախատեսվո՞ւմ է արդյոք առաջիկայում նոր դեսպանատներ բացել:

Արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների թիվն ավելացնելու գործընթացը շարունակվում է։ Վերջին երկու տարում Հայաստանի դեսպանատներ են բացվել մի շարք երկրներում: Ջանքեր ենք գործադրելու նոր դեսպանատների բացման ուղղությամբ:

Մտադի՞ր է արդյոք հայկական կողմը ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական դիրքորոշման քարոզչության համար:

Հարցն այն է, որ, ըստ էության, քարոզչությամբ զբաղվում է Ադրբեջանը` բանակցություններն օգտագործելով որպես շղարշ ։ Մեր խնդիրն է, բացահայտել Ադրբեջանի կողմից քարոզվող ձեւախեղումները եւ ներկայացնել գործերի իրական ընթացքը։ Չէ որ միջազգային իրավունքը մե՛նք չենք ձեւախեղում, միջազգային իրավունքը մեր կողմից է։ Ճշմարտությունն այն է, որ հակամարտությունն բռնկվել եւ ռազմական գործողության է վերածվել Ադրբեջանի ուժային քաղաքականության հետեւանքով։ Պատահական չէ, որ այն, ինչ որ ասում է Հայաստանը, համահունչ է նրան, ինչ ասում են համանախագահ երկրները եւ տարբեր միջազգային ատյանների ներկայացուցիչները: Իսկ Ադրբեջանի գործողությունները եւ հայտարարությունները հակասում են միջազգային կառույցների եւ միջնորդների կողմից առաջարկված՝ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլերին, ինչն անհրաժեշտ պայման է համապարփակ խաղաղության համաձայնագրին հասնելու համար։ Այսպես, միջնորդները կոչ են անում դիպուկահարներին դուրս բերել շփման գծից. ԼՂՀ եւ Հայաստանը կողմ են, իսկ Ադրբեջանը` դեմ։ Միջնորդներն առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ինչին կրկին ԼՂՀ եւ Հայաստանը կողմ են, իսկ Ադրբեջանը՝ դեմ։ Ի պատասխան միջազգային հանրության հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված կոչերին` Ադրբեջանը դիվերսիաներ է իրականացնում։ Այո, մեր դիրքերը բավականին ամուր են: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ պետք չէ աշխատել, ընդհակառակը, պետք է աշխատել սեփական դիրքորոշման ճշմարտացիությունն ավելի լայնորեն ներկայացնելու համար։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ արդյոք սկսվե՞լ են միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքները։

Թեեւ ողբերգական տարելիցն ողջ աշխարհը նշելու է 2015թ.-ին, սակայն, այնուամենայնիվ, իհարկե, միջոցառումների անցկացման նախապատրաստությունն արդեն սկսվել է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Թուրքիան շատ է անհանգստացած առաջիկա տարեթվի կապակցությամբ, եւ համառությամբ, որն առավել լավ կիրառության էր արժանի, մոբիլիզացնում է իր ուժերը, այդ թվում՝ արտասահմանյան իր համայնքները, որպեսզի փորձի խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Դա չի կարող օգնել կանգնեցնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իսկ ժամանակակից Թուրքիայի ղեկավարությունը, հերքելով Ցեղասպանությունը, միմիայն նմանվում է Ցեղասպանությունը կազմակերպած Օսմանյան կայսրության ղեկավարությանը։

Կարող եք ավելի մանրամասն ներկայացնել Հանրապետության արտաքին անվտանգության բաղադրիչը:

Հայկական երկու պետությունն էլ առաջին հերթին ապավինում են իրենց սեփական ուժերին, եւ ինչպես Երեւանում, այնպես էլ Ստեփանակերտում տեղի ունեցած զինվորական տեխնիկայի ռազմական շքերթները ցույց տվեցին, որ ցանկացած արկածախնդության դեպքում պատասխանը կարող է անհամաչափ լինել: Իհարկե, ժամանակակից աշխարհում անգամ խոշոր երկրների ավտանգությունն ենթադրում է համագործակցություն, փոխգործակցություն, անդամակցություն այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքի: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց միեւնույն ժամանակ շատ արդյունավետ համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Բացի այդ, Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ պարտավորվածություններից բացի մենք ունենք երկկողմ համաձայնագիր Ռուսաստանի հետ, եւ ՌԴ նախագահ Դիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ համապատասխան փոփոխություն է արվել այդ փաստաթղթում, համաձայն որի ՌԴ-ն պարտավորվում է հայկական կողմի հետ համատեղ ապահովել Հայաստանի ավտանգությունը սահմանի ամբողջ երկայնքով, այլ ոչ թե նախկին ԽՍՀՄ սահմանի երկայնքով, ինչպես նախկինում էր: Դրանից բացի, շատ կարեւոր է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված են երեք պետություններ, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Բանակցային գործընթացը, ըստ էության, ունի երկու բաղադրիչ` նպաստել Համապարփակ խաղաղության պայմանագրի ձեռքբերմանը եւ թույլ չտալ, որ հակամարտությունը վերաճի նոր զինված առճակատման: Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ձեռնարկված վերջին դիվերսիոն արկածախնդրությունները հակահարված ստացան ինչպես Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, այնպես էլ` բանակցային գործընթացում ուղղակիորեն ներգրավված միջնորդների կողմից: ԵԱՀԿ գործող նախագահը` Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարը, եւ ԵԱՀԿ հաջորդ նախագահը` Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը, բազմիցս հայտարարել են, որ կազմակերպության առաջնահերթություններից է հակամարտության ուժային լուծումների բացառումը:


!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ