News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից քննություններով այսօր` հունիսի 22-ին, ավարտվում է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Լրագրողների հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը նշեց, որ հունիսի 24-ից հուլիսի 1-ը ԳԹԿ-ում կընդունվեն միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու դիմումները, որոնց կարող են հայտ ներկայացնել բանակից զորացրվածները, սփյուռքի մեր հայրենակիցները, ՀՀ քաղաքացիները, որոնք ավարտում են ուսումը օտարերկրյա պետությունների կրթական հաստատություններում եւ այն դիմորդենրը, որոնք հարգելի պատճառով չէին մասնակցել առաջին հիմնական փուլին:

Այս տարի քննություններին արձանագրված բարձր միավորները Գայանե Մանուկյանը այսպես մեկնաբանեց. «Դրական գնահատականը տրամաբանության սահմաններում է, որովհետեւ տարեցտարի քննակարգը կատարելագործվում է»,- ասաց նա:

Նրա փոխանցմամբ` այս տարի քննական կարգում փոփոխություն է կատարվել եւ արդյունքները կամփոփվեն հուլիսի 10-ին: Դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր մնացած տեղերի համար: «Այն բանաձեւումը, որոնք մենք մտանք քննաշրջան` կանխատեսելի քննություններ, ըստ էության, իրագործվեց: Կանխատեսելի քննությունները բանաձեւումը կաշխատի նաեւ մյուս տարիներին»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր քննությունների միջին միավորները եւ թե որ առարկայից ինչպիսի պատկեր է արձանագրվել: Ֆիզիկայից միջինը միավորը կազմել է 12,1, 52 դիմորդ ստացել է առավելագույն 20 միավոր:

Անգլերենից, քննությունների արդյունքների համաձայն, միջին միավորը կազմել է 13,2, 23 դիմորդ ստացել է առավելագույն 20 միավոր, իսկ  17,5-20 միավոր ստացել է 1092 դիմորդ: 13,5-17,25` 2992,  7,5-13,25` 3097 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 635 դիմորդ: 

Ֆրանսերենից միջին միավորը կազմել է 14, 3, առավելագույն 20 միավոր ստացել է 3 դիմորդ: 17,5-20 միավոր ստացել է 113, 13,5-17,25 միավոր` 149, 7,5-13,25 միավոր` 146  դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 26 հոգի: 

Գերմաներենից միջին միավորը կազմել է 14,4, առավելագույն 20 միավոր ստացել է 4 հոգի: 17,5-20 միավոր ստացել է 137, 13,5-17,25 միավոր` 185, 7,5-13,25 միավոր` 165 դիմորդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 հոգի: 

Իսպաներենից միջին միավորը կազմել է 17,9, արձանագրվել է մեկ առավելագույն 20 միավոր: Պարսկերենից եւս արձանագրվել է մեկ 20 միավոր, իսկ միջին միավորը կազմել է 16,4: Իտալերենի միջին միավորը` 15,4 է, 20 ստացող չի եղել, Ոչ իսպաներենից, ոչ իտալերենից, ոչ էլ պարսկերենից դրական միավորի շենը չհաղթահարած դիմորդներ չեն եղել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ