Հայաստանում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանակներում արդեն կայացել են քննություններ 6 առարկայից:

Այսպես. «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար դիմում-հայտ ներկայացրած 1938 աշակերտներից բացակայել է 76-ը: Այս քննությունից միջին միավորը կազմել է 11,4, ընդ որում` 17,5-20 միավոր է ստացել 149, 13,5-17,25` 492, 7,5-13,25` 851 եւ դրական միավորի շեմը չի անցել 370 դիմորդ: «Կենսաբանություն» առարկայից 20 միավոր ստացել է ընդամենը մեկ դիմորդ:

«Ընդհանուր» պատմության» առարկայից քննություն հանձնելու համար դիմած 397 աշակերտներից քննությանը ներկայացել է 379-ը, այս առարկայից միջին գնահատականը կազմել է 12,2: 17,5-20 միավոր է ստացել 64, 13,5-17,25` 94, 7,5-13,25` 165 եւ դրական միավորի շեմը չի անցել 56 դիմորդ: «Ընդհանուր պատմությունից» արձանագրվել է երկու 20 միավոր:

«Աշխարհագրություն» առարկայի քննությունից բացակայել է 10 դիմորդ, եւ քննությանը ներկայացել է 382-ը, այստեղ միջին միավորը 12,3 է: 17,5-20 միավոր է ստացել 41, 13,5-17,25` 124, 7,5-13,25` 180 եւ դրական միավորի շեմը չի անցել 37 դիմորդ: «Աշխարհագրություն» առարկայից եւս մեկ 20 միավոր է գրանցվել:

Ամենաշատ դիմորդներն արձանագրվել են «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննության ժամանակ` 11795: Նրանցից բացակայել է 376-ը: Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությանը բողոքարկման ժամանակ եզակի բողոքներ են արձանագրվել, աննախադեպ բաներ չեն եղել:

Այս քննությունից միջին միավորը կազմել է 13,9, 17,5-20 միավոր է ստացել 2680, 17,25` 3725, 7,5-13,25` 4379 եւ դրական միավորի շեմը չի անցել 635 դիմորդ: «Հայոց լեզու եւ գրականություն» քննությունից 20 միավոր ստացել է շուրջ 200 դիմորդ, մինչդեռ 2010թ ընդամենը երկու հոգի էր ստացել առավելագույն միավորը: Գայանե Մանուկյանը նշեց, որ դա մի կողմից պայմանավորված է այն հանգամանքով, որ դիմորդները շատ էին, մյուս կողմից էլ` աշակերտները քննություն են հանձնել նախօրոք տպագրված շտեմարաններով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը:

Հունիսի 15-ին կկայան քննություն «Օտար լեզու», հունիսի 19-ին` «Ֆիզիկա» առարկաներից: Օտար լեզուների մեջ գերիշխողը անգլերենն է, ապա` ֆրանսերենը եւ գերմաներենը, այնուհետեւ` իսպաներեն, իտալերեն եւ եսւ 4 դիմորդ` պարսկերենից: Պետական ավարտական եւ միասնական քննությունները կեզրափակվեն հունիսի 22-ին` «Քիմիա» եւ «Հայոց պատմություն»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի