News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 22-23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Տրանսիլվանիայի Գեռլա, պատմական Արմենոպոլիս քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ նորընտիր քաղաքապետ Մարիուս Սաբոյի հետ, տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա եղել Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին, ինչպես նաեւ մասնակցել մշակութային միջոցառումների:

Հունիսի 23-ի առավոտյան քաղաքապետարանում ծավալված զրույցի ժամանակ մտքեր են փոխանակվել Գեռլա քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ կապերի հաստատման մասին: Դեսպան Գասպարյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետին, նրան տեղեկացրել է նախորդ քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի՝ անցյալ հոկտեմբերի վերջին Հայաստան կատարած այցի մասին, որի ընթացքում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել եղբայրական կապեր հաստատելու երկու քաղաքների միջեւ:

Քաղաքապետ Մարիուս Սաբոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հոկտեմբերին Գեռլայում ընդունելու Իջեւանի նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանին եւ ստորագրելու համագործակցության համաձայնագիր:

Մարիուս Սաբոն իր նախորդի նման հավաստիացրել է, որ Գեռլայի պատմական կենտրոնը` նախկին Արմենոպոլիսը, որտեղ պահպանվում են հայկական հին հոգեւոր եւ աշխարհիկ շինություններն ու հաստատությունները, քաղաքի հարստությունն են եւ շարունակելու են գտնվել քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո:

Մշակութային միջոցառումներ Գեռլայում

Սուրբ Երրորդություն տաճարի ծխական սրահում տեղի է ունեցել Գեռլայի պատմության վերաբերյալ Քրիշտոֆ Սոնգոթի հունգարերեն մենագրության ռումիներեն թարգմանության շնորհանդեսը: 19-րդ դարավերջի Տրանսիլվանիայի հայազգի մտավորական, մանկավարժ եւ հրատարակիչ Քրիշտոֆ Սոնգոթի (1843-1907) գործունեության եւ հարուստ ժառանգության մասին պատմեցին սենատոր, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, պատմաբան Լուչիան Նաստասեն եւ «Հայ-հունգարական մայրաքաղաք, թագավորական ազատ քաղաք Գեռլայի մենագրությունը» գործի թարգմանիչ Անդրեա Գիտան:

Այնուհետեւ Գեռլայի նորաբաց Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Գեռլայի 18-րդ դարի հայկական սրբապատկերների եւ հոգեւոր թեմայով գեղանկարների, ինչպես նաեւ տրանսիլվանահայ ժամանակակից նկարիչ Ազատուհի Վարդուկա-Խորենյանի գործերի զույգ ցուցահանդեսների բացումը: Ռումինիայի եւ, մասնավորապես, Տրանսիլվանիայի տնտեսական եւ մշակույթային կյանքի զարգացման մեջ հայերի ծանրակշիռ ավանդի մասին ելույթներով հանդես են եկել Վարուժան Ոսկանյանը, արվեստաբան Պալ էմեսեն, պրոֆեսոր Նեգոիցա Լապտոյուն եւ խմբագիր Շանդոր Բոգլարկան: Միջոցառմանը տեղի երաժշտական լիցեյի սաների կատարմամբ հնչել են Ալեքսանդր Հարությունյանի իմպրովիզացիաները եւ հայկական ժողովրդական մեղեդիներ:

Գեռլայում դեսպան Համլետ Գասպարյանը հարցազրույց է տվել ռումինական TVR1 կենտրոնական հեռուստատեսությանը:

Նշենք, որ Ռումինիայի Կլուժ նահանգի Գեռլա քաղաքը հիմնվել է 18-րդ դարի սկզբին, հռոմեական նույնանուն բնակավայրի մոտ, Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից` ավստրո-հունգարական կայսերական հրովարտակով, որով հայերն ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Քաղաքն ուներ «թագավորական ազատ քաղաքի»  կարգավիճակ: Այն արդի Ռումինիայի եզակի բնակավայրերից է, կառուցված քաղաքաշինական հատուկ հատակագծով` բարոկկո ոճով, որ իրականացրել է հայերի հրավերով Հռոմից ժամանած հայազգի ճարտարապետ Ալեքսիսը: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս (Հայրաքաղաք), ուր գործում էին հայ աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ