News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկ 15:30-ի սահմաններում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը ապշեցրել է ոչ միայն Սահակյանների ընտանիքի ծանոթ հարազատներին, այլեւ ողջ Մասիսին: Այդ մասին գրում  է «Ժամանակ» թերթը:

«Քաղաքի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սահակյանը Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել էր հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին, ինչի արդյունքում 4 երեխաների մայրը մահացել էր: Սակայն սպանությունը կատարելուց հետո 74-ամյա սկեսրայրը մեկ այլ դանակով էլ իր կոկորդն էր կտրել:

Ըստ «Ժամանակի» հավաստի տեղեկությունների՝ սկեսրայրը 37-ամյա հարսին սպանել է խանդի հողի վրա: Բանն այն է, որ Քրիստինեի ամուսինը, այսինքն` Վոլոդյա Սահակյանի որդին, արդեն 6 տարի է, ինչ մահացել է: Վերջին շրջանում հարսով լուրջ հետաքրքրվող է եղել, որը ցանկացել է ամուսնանալ Քրիստինեի հետ եւ հայրություն անել նրա 4 երեխաներին` 18 եւ 15 տարեկան տղաներին, 14 եւ 12 տարեկան աղջիկներին: Սկեսրայրը, սակայն, խիստ դեմ է եղել այս հանգամանքին, մի քանի օր շարունակ վիճել են, եւ խնդրի լուծումը, փաստորեն, սկեսրայրը գտել է սպանության մեջ, այնուհետ էլ ինքնասպան եղել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Վոլոդյա Սահակյանը որեւէ հոգեկան խնդիր չի ունեցել:

Հարսին սպանելուց առաջ Վլ. Սահակյանը դռան մուտքի մոտ տեղադրված թախտին պառկած է եղել, իսկ հարսը լվացքը փռելուց է եղել հողամասում: Այդ ժամանակ Վլ. Սահակյանը հարձակվել է հարսի վրա եւ դաշույնատիպ ինքնաշեն դանակով երկու անգամ հարվածել: Եվ երբ տանեցիները աղմուկի վրա մոտեցել են նրանց, Վլ. Սահակյանը եկել եւ նստել է հողամասում տեղադրված բազկաթոռին: Մինչ տանեցիները փորձել են օգնություն ցուցաբերել արնաքամ եղող հարսին, սկեսրայրը կոշկակարի դանակով կտրել է իր կոկորդը:

Ոստիկանները տանը հայտնաբերել են արյունոտված 2 դանակ, որոնք առգրավվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակներից մեկով սկեսրայրը սպանել է հարսին, իսկ մյուսով՝ կտրել իր կոկորդը:

Ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժամանակին» փոխանցեցին, որ նախաքննություն է ընթանում»,- գրում է «Ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ