News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին, հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի դիմաց՝ իրենց բողոքն ու զայրույթն արտահայտելով «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան սպանության դեմ:

Բողոքի ակցիան նախաձեռնվել էր երեկ՝ հունիսի 30-ին, «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ունեցած մոմավառության ակցիայի ժամանակ:

Ակցիային մասնակցում են «Ժառանգության», «Սարդարապատ» շարժման անդամներ, բնապահպաններ, հրապարակախոսներ, իրավապաշտպաններ եւ բազմաթիվ երեւանցիներ: Մասնավորապես, այստեղ են «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից՝ Լիլիթ Գալստյանը, գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը: Ներկաները վանկարկում են «Նեմեց՝ մարդասպան», «Նեմեց՝ սրիկա», «Սերժիկ հեռացիր»:

Ակցիան հանդարտ է անցնում: Հասարակական կարգը պահպանում են Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները:

Բողոքի ակցիայի մասնակիցները ներկաներին կոչ արեցին այսօր ժամը 18:00-ին հավաքվել Ազատության հրապարակում ՝մասնակցելու բժիշկ Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը:

Ելույթ ունեցողները պահանջում էին զրկել Ռուբեն Հայրապետյանին մանդատից:

Ակցիայի մասնակիցները երթով՝ Բաղրամյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենքը: Ցուցարարները փակել են Բաղրամյան փողոցի մի հատվածը:

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Երեկ՝ հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ