News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը.

«Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս կարեւորագույն պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ, պատմական օր, որը շրջադարձային եղավ մեր ժողովրդի կյանքում եւ նախանշեց հետագա զարգացման ուղին:

Այդ ճանապարհին մեզ համար ուղենիշ դարձան ժողովրդավարական սկզբունքներն ու համամարդկային արժեքները: Մեր նպատակն է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան պետություն, որտեղ կհարգվեն մարդու իրավունքներն ու ազատությունները, պետություն, որը կարող է պաշտպանել իր ժողովրդին եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրա զարգացման համար: Մենք պետք է ավարտին հասցնենք այդ սուրբ գործը, որին իրենց կյանքն են նվիրաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները: Փա~ռք ու պատիվ մեր նահատակներին:

Այս տոնական օրը ես մաղթում եմ, որ իրականանան մեր բոլոր համազգային նպատակներն ու իղձերը, ձգտումներն ու ծրագրերը: Եվ անպայման կիրականանան, որովհետեւ մենք լեցուն ենք հավատով ու վճռականությամբ, որ ընտրել ենք ճիշտ ճանապարհ, դեպի հաղթանակ տանող ճանապարհ: Կիրականանան, որովհետեւ այդ նպատակներն արդար են եւ վեր են ամեն ինչից:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ մաղթում քաջառողջություն, խաղաղություն ու բարօրություն: Թող Աստված պահապան լինի մեր ընտանիքներին եւ մեր հայրենիքին»:

Նշենք, որ 1991-ի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային խրհրդի, Շահումյանի շրջանային խրհրդի եւ բոլոր մակարդակների խրհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ընդունել է ԼՂՀ հռչակման եւ նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձեւավորման մասին հռչակագիր: Այդ օրվանից էլ սկսվում է Արցախի` որպես անկախ եւ ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ