News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով միմյանց, երկու երկրների նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` համատեղ աշխատանքներ տանել առկա խնդիրների լուծման ուղղությամբ եւ զարգացնել հետագա փոխշահավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Արմեն Աշոտյանը բարձրացրել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների մասին նոր պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության հարցը` նշելով, որ նման պայմանագիրը կնպաստի բուհի հետագա զարգացմանը: Նախարարն առաջարկել է  համալսարանին շնորհել ազգային հետազոտական համալսարանի կարգավիճակ:

Դմիտրի Լիվանովը պատրաստակամություն է հայտնել քննարկել առաջարկը` տեղեկացնելով, որ վերոնշյալ կարգավիճակ ստանալու նպատակով ՌԴ մի շարք բուհեր արդեն ընդգրկված են համապատասխան ցուցակում եւ, անցնելով մրցույթ, կստանան նշված կարգավիճակը: Ըստ Դ. Լիվանովի` Ռուսաստանը շահագրգռված է բուհերին տալ հետազոտական ուղղվածություն, որպեսզի վերջիններս լինեն ոչ միայն ուսումնական, այլ նաեւ գիտահետազոտական կենտրոններ:

Նախարար Ա. Աշոտյանը բարձրացրել է Ռուսաստանի, մասնավորապես,  մեծաքանակ հայազգի բնակչություն ունեցող քաղաքների (Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրապոլ, Սոչի) դպրոցներում հայոց լեզվի ուսուցման հարցը: Այդ համատեքստում ՀՀ կրթության եւ գիտության նախարարն առաջարկել է վերոնշյալ ծրագիրը կիրառել նաեւ Մոսկվայի 2 դպրոցում` պատրաստակամություն հայտնելով օժանդակել ուսուցման ծրագրի մշակման, մասնագետների վերապատրաստման եւ դասագրքերի տրամադրման հարցերում:

Դ.Լիվանովը, դրական գնահատելով վերոնշյալ նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում նշված հարցերը լուծվում են` դպրոցների ծնողների կառավարման խորհուրդների համաձայնությամբ: Նա առաջարկել է ընտրել որեւէ դպրոց եւ փորձնական ծրագրի շրջանակում կիրառել հայոց լեզվի ուսուցումը եւ, ըստ այդմ, ելնելով արդյունքներից, անցնել հաջորդ փուլին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ավագ դպրոցի կարգավիճակով ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ռուսական գիմնազիա հիմնելու հարցին:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող նախաձեռնություններ ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ