«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը այսօր` սեպտեմբերի 20-ի, առավոտվանից չի սպասարկել «Արմավիա» ավիաընկերության չվերթները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:
«Արմավիայի» չվերթները չեն սպասարկվել պարտքերի կուտակման պատճառով: ««Արմավիան» պայմանագրում նախատեսված պարտքի սահմանաչափը զգալիորեն գերազանցել է»,- ասաց նա:
Մամուլի քարտուղարի խոսքով` երեկ երեկոյան էլ էր նույն վիճակը, բայց թույլատրել են չվերթը իրականացնել` ուղեւորներին անհարմարություններից զերծ պահելու համար:
«Զվարթոնցը» կսպասարկի «Արմավիայի» չվերթները, եթե որոշակի գումար փոխանցեն:
Նշենք, որ »Արմավիայի» եւ «Զվարթնոցի» հակամարտությւունը արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է: Մի քանի անգամ «Զվարթնոցը» կասեցրել էր «Արմավիայի» չվերթները` պարտքերի համաձայնեցված սահմանաչափը գերազանցելու համար, սակայն հետո բանակցություններ էին սկսվել «Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջեւ եւ կարծես թե համաձաւյնության էին եկել:
Ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի սեփականատերը Միխայել Բաղդասարովը ասել էր, թե եթե «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկման գները չիջեցնի, ապա «Արմավիան» կգնա սնանկացման ու կփակվի: Նրա խոսքով՝ «եթե համաձայնության չգանք՝ կհայտարարենք սնանկացման մասին, տոմսերը կվերադարձնենք, ինքնաթիռները կվաճառենք ու պարտքերը կտանք»:





























