Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  Լոռիի մարզի Պետրովկա գյուղում 20-ամյա Յուրի Ավակիմովը մորը սպանել է բռունցքների բազմաթիվ հարվածներով՝ տանջամահ անելով: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին Պետրովկա գյուղոմ պատմել են Ավակիմովների հարեւանները: Նրանց փոխանցմամբ՝ տղան մորը մեղադրել է իր՝ հոգեկան խնդիրներ ունենալու եւ հոգեբուժարանում պառկելու մեջ:

Ավակիմովների ընտանիքը բաղկացած էր 5 անձանցից, նրանցից ոչ ոք չէր  աշխատում, ապրում էին պետության կողմից տրվող նպաստով ու թոշակով, ինչպես նաեւ հարեւանների տված հագուստով ու սննդով:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Պետրովկայի գյուղապետ Հովիկ Գրիգորյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտ ժամը 10:00-ի սահմաններում: «Իրենց հարեւանը զանգել է գյուղապետարան ու ասել, որ ծառի տակ դիակ կա ընկած, մենք էլ եկանք տեսանք ու ոստիկանություն զանգեցինք»,- ասաց նա, հավելելով. «Փոքր եղբոր պատմելով, մորն ասել է. «Դու ես մեղավոր, որ ես սենց եմ, դրա համար էլ սպանելու եմ քեզ»: Ըստ գյուղապետի մոր եւ տղայի միջեւ վեճը թեժացել է երեկ երեկոյան, եւ տղան մորը թույլ չի տվել իրենց հետ նույն սենյակում քնել, նրան ստիպել է գիշերել կողքի կիսափուլ, կիսատանիք ու առանց ջեռուցման  խորդանոցում:

Տղայի մոտ հոգեկան շեղումների առաջին նշաններն, ըստ գյուղապետի, նկատվել են դեռեւս այս տարվա նոյեմբերի 8-ին: «Տարել էին ոստիկանություն, ագրեսիվ էր, հետո ոստիկանությունից եկավ, նորից ագրեսիվացած…հարձակվեց գյուղացիների վրա, նորից զանգահարեցինք ոստիկանություն: Եկան տարան Վանաձորի հոգեբուժարան»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ դուրս գրման ժամանակ տղայի վիճակը լավ ու հանգիստ է եղել:

Մեր թղթակցի հետ զրույցում համագյուղացիները պատմել են, որ ընտանիքն ապրում էր սոցիալապես ծանր պայմաններում, հոգեկան խնդիրներ ուներ ոչ միայն տղան, այլ նաեւ հայրն ու մայրը: Ըստ համագյուղացիների՝ տղան ուներ նաեւ սրտի հետ կապված խնդիրներ, ինչի պատճառով էլ ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի