Ամանորը դեռ հնուց հիշատակվել է, որպես Ամանոր, Նոր տարի, Տարեմուտ, Տարեգլուխ անվանումներով: Ավելին` հայերը արքայից մինչեւ հասարակ ռամիկ, դեռ հնուց նշել են այս տոնը մեծ ցնծությամբ եւ ձիավարժություններ են կազմակերպել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը:
Նրա խոսքով, ունենք հիշատակումներ, որ այդ տոնը գալիս է Ք.Ա. 2492թ-ից: Այդ թվականին Հայկը հաղթել է Բելին, իսկ ըստ Աստվածաշնչի այդ թվականին Նոյան Տապանը հանգրվանել է Արարատի գագաթին: Ռաֆայել Նահապետյանը փոխանցեց, որ ձմեռ պապիկը նույն ինքը Նիկողայոս Սքանչելագործն է: Հիշատակություններ կան, որ նա ծնվել է 280 թ-ին եւ իր արմատներով նաեւ հայկական ծագում ունի: Նրան նվիրված հսկայական թվերով եկեղեցիներ են կառուցվել Եվրոպայում: «Նրա առաքելությունը այն էր, որ նա բժշկել է մարդկանց, եւ նրա այցը բոլոր ընտանիքներում սպասելի եւ հաճելի իրողություն է եղել: Հետագայում Նա ստացել է Ձմեռ պապ անունը: Իսկ ռուսական Ձեդ Մառոզի կերպարը սկզբում բացասական է եղել, քանի որ իր շրջապատը սառցեպատել է, բայց հետագայում այդ կապերը բարի է դառնում եւ մարդկանց երջանկություն է մատուցել»,- պատմեց ազգագրագետը: Ավելին` Ռաֆայել Նահապետյանը նշեց, որ մենք ունեցել ենք նաեւ ձմեռ պապիկի փոխարինող, որի դերը ըստ մեր պատմիչների կատարել է Սահակ Պարթեւը: Նրա կերպարը մանուկների եւ երեխաների համար չափազանց սիրված կերպարներից է եղել: «Նա էլ ստացել է Մեծ Պապուկի անվանումը»,- ավելացրեց Ռաֆայել Նահապետյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am