Դա կամ անհաջող ինտերպրետացիա է, կամ անհաջող կատակ, ասել է Երեւանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի տարածքով թռչող քաղաքացիական ինքնաթիռները կործանելու մասին Ադրբեջանի կառավարության որոշումը:
«Ես Ադրբեջանը համարում եմ քաղաքակիրթ երկիր, որը հավատարիմ է համամարդկային նորմերին», - ասել է Բորդյուժան՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:
«Խիստ կասկածում եմ, թե որեւէ երկրի ղեկավարություն կարող է քաղաքացիական ինքնաթիռները դիտմամբ կործանելու հրաման տալ: Մեր պատմության մեջ եղել են նման դեպքեր, բոլորս հիշում ենք Հեռավոր Արեւելքի ողբերգությունը եւ համաշխարհային հանրության արձագանքը», - հստակեցրել է Բորդյուժան:
«Չեմ կարծում, որ այսօր ինչ-որ մի պետություն իրեն թույլ կտա քաղաքացիական ինքնաթիռներ կործանել: Այդ պատճառով այդ տեղեկատվությունը լուրջ չեմ ընդունում», - նշել է Նիկոլայ Բորդյուժան:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am