Նախնական տեղեկությունների համաձայն, Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին գտնվում է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ հրազենային վնասվածքով տեղափոխել են Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանին, հիվանդանոցից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Քիչ անց հիվանդանոց է հասել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Պարույր Հայրիկյանն ունի մեկ հրազենային վնասվածք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: ԱԻՄ նախագահը գիտակցությունը չի կորցրել ու այս պահին նրան հետազոտում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ մահափորձ է եղել Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ: Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում, իր տան դիմաց: Ըստ նախնական տեղեկությունների՝ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում եւ տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:

Դեպքի վայր է ժամանել նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ մի շարք բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am