Մարտի 12-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության, նախարար Դավիթ Սերգեյենկոյի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով զրուցակցին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու եւս կպահպանեն ձեւավորված բարձր մակարդակը: Նախարար Սերգեյենկոն շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար եւ նշել, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը առողջապահության բնագավառում երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է եւ պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձեւավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Առողջապահության նախարարը, մասնավորապես, ընդգծել է վրացական կողմի հետաքրքրվածությունը հեռաբուժության բնագավառում Հայաստանի ունեցած փորձի վերաբերյալ: Միաժամանակ, դեսպան Մանուկյանը հայկական կողմի համար կարեւոր համարել է Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք են արձանագրել երկու պետությունների միջեւ առողջապահության բնագավառում առկա համագործակ-ցության առավել ընդլայնման, հայ եւ վրացի բժիշկների փորձի փոխանակման անհրաժեշտության մասին: