Ֆրանսիայի Ազգային ժողովի (պառլամենտի ստորին պալատի) նախագահ, սոցիալիստ` Կլոդ Բարտոլոնը սպառնալիքներով նամակ է ստացել նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագծի հակառակորդներից:
Բարտոլոնին հասցեագրված ծրարում հրազենի վառոդ է եղել եւ «Աջակցություն իրավապահ ուժերին» կոչվող կազմակերպությունից մի նամակ: «Մեր մեթոդներն ավելի ծայրահեղական եւ օպերատիվ են, քան մեր ցույցերը: Դուք պատերազմ էիք ուզում, դուք այն կստանաք»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
Անցյալ շաբաթ նմանատիպ սպառնալիքներով նամակներ ստացել են նաեւ Սոցիալիստական կուսակցության եւս երկու պատգամավորներ, ովքեր աղմուկ հանած օրինագծի նախաձեռնողներից են, հայտնում է «Վեստի.ru»-ն:
Հիշեցնենք, որ փաստաթուղթն այժմ գտնվում է Ազգային ժողովի օրակարգում, ապրիլի 23-ին կկայանա որոշիչ քվեարկությունը, որից հետո այն պետք է հաստատի երկրի նախագահը: Սենատն արդեն ընդունել էր այդ օրինագիծը:
Հակակառավարական բնույթ ստացած բողոքի շարժման ակտիվիստները խոստանում են շարունակել փողոցային ցույցերը: