News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

22 տարի առաջ 1988-ի փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի առաջին զանգվածային ջարդերը: Այս տարելիցի կապակցության ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

"Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ վաղուց արդեն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել:

Պաշտոնական Բաքվի զրպարտությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու և Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին և հրետակոծություններին, այդ թվում նաև <<Գրադ>> համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` զանգվածային ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:

Ղարաբաղի բնակչության համար կենսականորեն կարևոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես՝ այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:

Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից 3 կիլոմետր և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչև 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ:

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ «միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին»,- գրել է ռուսական Նեզավիսիմայա գազետա-ն 1992թ. ապրիլի 2-ին: Օգոնյոկ ամսագիրն իր հերթին (N 14-15, 1992թ.) նշում է` «…Խոջալուի վրա կատարված հարձակումը հանկարծակի չի եղել»:

Այս ռազմական գործողությունների որոշ մանրամասնություններ առայսօր պատված են մշուշով, ինչն ակտիվորեն չարաշահում է Ադրբեջանի քարոզչամեքենան` դիմելով տարաբնույթ խեղաթյուրումների, կեղծիքների և բացահայտ ստի: Անցած տարի ԼՂՀ ԱԳՆ-ն հասարակայնության ուշադրությունն է հրավիրել մի կեղծ լուսանկարի վրա` տեղադրված մի շարք ադրբեջանական կայքերում, այդ թվում նաև կեղծ գաղափարներ ծնող «Հեյդար Ալիևի Հիմնադրամ»-ի կայքէջում: Իրականում լուսանկարը անմիջական կապ է ունեցել Կոսովոյի իրադարձությունների հետ և հենց որպես այդպիսին` այն բազմաթիվ այլ լուսանկարների հետ միասին տեղադրված է եղել մեկ հատուկ գերմանական և սերբական ու ալբանական ֆորումներում, «Նյու-Յորք թայմս» հեղինակավոր հրատարակչության կայքէջում և այլն: Ընթացիկ տարում նշված կեղծիքին ավելացել են նորերը:

Այսպիսով, փետրվարի 24-ին Երևանում կայացած www.xocali.net նախագծի շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է ադրբեջանական կողմից օգտագործվող մոտ 20 կեղծ ֆոտոնյութ, մասնավորապես՝ Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սրեբրենիցայի կոտորածների զոհերի լուսանկարներ և այլն: Բացի այդ, Աղդամի ողբերգության զոհերի ցուցակներում աղաղակող կեղծարարություններ են հայտնաբերվել, որոնք ներկայացվում են ադրբեջանական դեսպանատների, նախագահական գրադարանների և այլ պաշտոնական կառույցների կողմից: Կայքում ներկայացված են նաև մեսխեթցի թուրքերի հարցաքննությունների մասին տեսանյութեր, որոնց համաձայն` չնայած Խոջալուն գրոհելու մասին հայկական կողմի նախազգուշացումներին, ադրբեջանցի զինվորականներն ադրբեջանական իշխանությունների կողմից արհեստականորեն բնակեցված մեսխեթցի թուրքերի ընտանիքներին արգելել են տարհանվել:

Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրև Սումգայիթի արյունալի սպանդի համար հայերի վրեժխնդրություն:

Սակայն Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների և լրագրողների արտահայտություններն ու գնահատականները ամբողջությամբ հերքում են պաշտոնական Բաքվի կեղծ դրույթները: Այսպես, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է. «Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակի համար»։ /ադրբեջանական Զերկալո թերթ, 1992թ. հուլիս/:

Թամերլան Կարաևը, ով ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր /այժմ Հնդկաստանում ԱՀ դեսպան/, վկայում է. «Ողբերգությունը իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները», կոնկրետ` «վերևում նստածներից ինչ-որ մեկը» /ադրբեջանական Մուխալիֆատ թերթ, 28 ապրիլի, 1992թ./ :

Հեյդար Ալիևն ինքը խոստովանել է, որ Խոջալուի իրադարձություններում «մեղավոր է նաև Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը»: Դեռևս 1992թ. ապրիլին, Բիլիկ-Դունյասը գործակալության հաղորդագրության համաձայն, նա ահավոր ցինիկ մի միտք է արտահայտել. «Արյունահեղությունը մեզ օգուտ կբերի: Դեպքերի ընթացքին խառնվելու հարկ չկա»: Արդյո՞ք Ադրբեջանի «հայրը» այս խոսքերի համար պատասխանատվություն է կրել:

Չեխ լրագրող Յանա Մազալովան, ադրբեջանցիների անուշադրության պատճառով հայտնվելով մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցույց էին տալիս «հայերի կողմից պղծված դիակները», էական տարբերություն է նկատել վերջիններիս վիճակում: Դեպքերից անմիջապես հետո լինելով դաշտում` Մազալովան դիակների վրա վայրագության որևէ հետք չի տեսել: Սակայն մի քանի օր անց լրագրողներին ներկայացրել են արդեն նկարահանումների համար «նախապատրաստված» այլանդակված մարմիններ:

Ռուսական Մեգապոլիս-էքսպրես թերթը գրել է. "Չի կարելի չընդունել, որ եթե Ադրբեջանի Ժողովրդական ճակատը հեռուն գնացող նպատակներ էր հետապնդել` հասել է դրանց: Մութալիբովը վարկաբեկված ու տապալված է, համաշխարհային հասարակական կարծիքը ցնցված է, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրական թուրքերը հավատացել են «Խոջալուում ադրբեջանական ժողովրդի այսպես կոչված „ցեղասպանությանը“»:

Ինչպես հայտնի է, դեռևս փետրվարի 26-ին Խոջալուում պահվում էր 47 հայ պատանդ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ը գիտակցաբար լռում են: Խոջալուի ազատագրումից հետո նրանցից մնացել էր միայն 13-ը /որոնցից վեցը` կանայք, մեկը` երեխա/, մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ: Առայսօր ոչ մի տեղեկություն չկա նրանց հետագա ճակատագրի մասին: Հայտնի է միայն մեկ բան` նրանց գյուղից հեռացրել են ռազմական գործողության գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել:

Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպավորություն ստեղծել որ հայերն են պղծել դիակները, առաջին հերթին այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպեսզի դրանց ինքնությունը հնարավոր չլինի պարզել: Հենց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանվել է վերնազգեստը, հենց այդ պատճառով էլ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկվել` դրանք անճանաչելիության աստիճանի հասցնելով:

Ելնելով վերոնշյալ փաստերից, համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաև այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել՝ քաղաքական խարդավանքների պատճառով և իշխանության հասնելու համար:

Ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» առասպել է, որը ստեղծվել է դեռևս Հեյդար Ալիևի կողմից և որը պաշտպանել է գահաժառանգ Ալիև-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաև հայ խաղաղ բնակչության և սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական և այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ