News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ավանի հոգեբուժարան տեղափոխված, Կոմիտասի 56 շենքի բնակիչ, 78-ամյա Ամալյա Նազարեթյանն արդեն տանն է, իրեն լավ է զգում եւ առողջական խնդիրներ էլ չունի: NEWS.am-ի թղթակիցը այցելել է նրա բնակարան եւ զրուցել կնոջ հետ նրա հետ կատարվածի մասին:

Մեզ հետ զրույցում Ամալյա Նազարեթյանը նշեց, որ իր առողջական վիճակը երբեք վատ չի եղել, կյանքում չի իմացել, թե բժիշկը ինչ է, 25 տարի ուսումնարանում է  աշխատել եւ երբեք «բուլետեն» չի ունեցել, առողջ ընտանիք է: «Արդարության համար որ պայքարում ես, գլխիդ տալիս են, էն որ ռուսի ասածով` перешла дорогу олигарху,  ու ինչ պետք է անեն, ես եմ, որ կամ, դուք հեչ եք»,- պատմեց նա:

Կինը նշեց, որ որոշ ժամանակ կմնա քրոջ տանը, այնուհետեւ մտադիր է վաճառել տունը եւ Երեւանի մեկ այլ վարչական շրջանում բնակարան գնել, ունենալ լավ հարեւաններ:  Նա պատմեց, որ տարիների ընթացքում մի քանի անգամ իր տնից գողություն են արել, «ինչ ասես, տարել են»: Այժմ կինը շատ զգույշ է դարձել, դուռը չի բացում` առանց իմանալու, թե ով է ծեծում:

Կնոջ հետ կատարվածը «իսկական ոդիսական է», որի մասին եթե իրեն էլ պատմեին, չէր հավատա: Իրեն հոգեբուժարան տեղափոխելու պատմությունը մի քանի շերտեր ունի: Ամալյա Նազարեթյանը մեր հետ զրույցում պատմեց, որ 4 տարի առաջ իրենց շենքի տակ գտնվող «Իդեալ» խանութից մեծ գումարով լոգախցիկ էր գնել, սակայն նրան անորակ ապրանք էին վաճառել: Կինը դրանից հետո բազմիցս դիմել է խանութին` խնդրելով փոխել, սակայն նրան ձեռ էին առնում, ծիծաղում էին` մտածելով, թե «մի հատ պառավ է, շա՞տ է հասկանում»: Դրանից հետո նա դիմում է ոստիկանություն, եւ այդ հարցը կարճ ժամանակում լուծվում է, ոստիկանների միջոցով ապրանքը ետ են վերադարձնում, կնոջը գումարն էլ տալիս: Նրա խոսքով` այդպես խանութի հետ դառնում են թշնամիներ, քանի որ «իրենց խոսքը չանցավ»:

Դրանից հետո «Իդեալ» խանութ զբաղեցնող տարածքի սեփականատերը` ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը ցանկանում է տարածքը մեծացնել, սակայն հարեւանները դեմ են լինում դրան: Ամալյա Նազարեթյանը օգնում է վերջիններիս` համոզելով հարեւաններին, որ տարածքը առաջ կտան, չեն խանգարի իրենց, բնակիչների համար ավելի լավ կլինի: Սակայն, սեփականատերերը տարածքը մեծացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում եւ հարեւանների աչքում նա «վատամարդ»  է դառնում: Իրավիճակը շտկելու համար նա գնում է «Իդեալի» գրասենյակ, փորձելով հանդիպել տնօրենի հետ, սակայն նրան շատ կոպիտ են պատասխանում եւ ճանապարհում: Ավելի ուշ մեծացրած տարածքում խանութը օդորակիչ է տեղադրում,որի ձայնից իր տան հեռուստացույցն է փչանում, խանութում շինարարությունից էլ կնոջ տան պատերը ճաքեր են ստանում, որոնք այդպես էլ խանութը չի վերանորոգում:  Կինը դիմում է լրատվամիջոցներին` խնդրելով օգնություն, հոդված է տպագրվում, սակայն դա ավելի է բարկացնում տարածքի սեփականատերերին: Ամալյա Նազարեթյանի պատմելով, այդ ամենից հետո իր նկատմամբ հալածանքներ են սկսվել, իրեն արգելել են հարակից այգի մտնել, Կոմիտասի փողոցով քայլել: «Դրանից հետո որ դուրները չեկավ, էդ Մխիթարյան Արմենի մայրը` «գիժ Սուսանը»,  մի ժամանակ Սեւանի գժանոցում էր, թե ոնց է դուրս եկել, չգիտեմ, որտեղ հասնում էր, խփում էր, հարվածում էր, մազերս պոկում էր, ես ոչ մի անգամ նման քայլի չէի դիմում, դիմում էի պետությանը»,- պատմեց նա` հավելելով, որ ոստիկանություն դիմելուց եւ նրան այնտեղ կանչելուց հետո այլեւս իրեն չի անհանգստացրել:

Տարածքի սեփականատերերը շենքի մոտ գտնվող այգում սրճարան ունեն: Մի անգամ կինը անցնում էր այգու մոտով, սեփականտիրոջ հարսը, ով գտնվում է սրճարանում, սկսում է գոռալ: Կինը նորից զանգում է ոստիկանություն, «հենց միլիցիա անունը իմանում են, իրենք միլիցիայից ահավոր վախենում են»: Դրանից հետո այդ սրճարանի աշխատողները հայտարարում են, թե երկու տարի առաջ Ամալյա Նաղարեթյանը մտել է սրճարան, սեղանները, աթոռները շուռ է տվել, բաժակները ջարդել, պայուսակներից փող է վերցրել եւ այժմ փոխհատուցում են պահանջում, իսկ կինը հակադարձում է` ասելով, որ «լավ, եթե ես չեմ հասկանում, մտել եմ նման բան եմ արել, բա 10 հոգի մարդ կար կանգնած, նայում էին, թե ես ինչ եմ անում, թող զանգեին ոստիկանություն»:

Մայիսի 13-ին էլ իրենց տարածքի թաղայինն է իրենց դուռը ծեծում: «Հարցրի` ով է, ասաց` Արարատն է, բաց արի, հետեւից տեսնեմ 4-5 տղամարդ են գալիս, մեկը ասաց, որ ես բժիշկ եմ, երկուսի վրա էլ կարմիր խաչի նշան կար, մեկ էլ երկու ոստիկան կար: Այդ մարդը նայեց, ասաց` հիվանդ չէ, ոչ մի հիվանդություն չունի, լրիվ առողջ մարդ է, բայց ասաց բան է պետք ստորագրել, արի գնանք, մի ժամից տանը կլինեք: Ես էլ չմտածեցի, տարան բուժհիմնարկություն, ասացին` ինչի վրա ես բողոքում, ես էլ ասի, որ դուք ասել եք, որ միլիցիա պետք է գալ, ինձ էլ հասնում է իրավաբան, թող գա, հասնի, խոսենք: Մեկ էլ ասաց` բարձրացրեք 4-րդ հարկ, ճնշումը չափեն, բարձրացա, ընկա թակարդը, դուռը փակվեց, ոչ դուրս են մարդ թողնում, ոչ ներս: Անընդհատ ասում էին, թե դատավորը կգա, կգա, եկավ, կանչեցին, դուրս եկա, տեսա մի կին նստած է, ագրեսիվ ձեւով խոսում է, ու երկու օր անց վճիռ տվեցին, թե ես ագրեսիվ եմ, վտանգավոր եմ ժողովրդի համար, դրա համար պիտի մնամ բուժհիմնարկությունում: Բուժհիմնարկությունը պահեց, իր ասածն արեց»,- պատմում է կինը:

Իրեն խաբեությամբ հոգեբուժարան տեղափոխելու մեջ կինը մեղադրում է ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբորը` Անդրանիկին եւ «Իդեալ» խանութի աշխատակիցներից  Գագիկին: Ամալյա Նազարեթյանի խոսքով`  իր հակասությունը Արմեն Մխիթարյանի եղբոր` Անդրանիկի հետ է, քանի որ նա է զբաղվում այս տարածքով:  Նա խնդիրներ ուներ նաեւ «Իդեալ» խանութի մենեջերի հետ, անունը` Գագիկ է, վերջինս մենեջերից դարձավ բանվոր, «մեկ էլ տեսանք գալուստիկ է կապել, դրանից հետո իմացանք, որ մի հատ «Արմադա» է քշում, ասացի ինչի՞ Խաչատրյանը («Իդեալի» տնօրենին նկատի ունի-խմբ) քեզ գալուստիկ տվեց, պահեստապետ դարձրեց, մեքենա տվեց»: «Նայեց երեսիս, ասաց նա էդ տվել է, որպեսզի տունդ ձեռիցդ առնեմ, իրենք ասում էին, թե քեզ կգցենք գժանոց, տունդ կվերցնենք ձեռիցդ: Էդ Գագոն հետո սկսեց հետս լավանալ, թե ես քո թոռնիկն եմ, ուրիշին տունդ չտաս, ձեռիցդ կվերցնեն, ավելի լավ է իմ վրա գրես քո տունը, ես էլ ասի, տղա ջան, մենք հինգ երեխա ենք, նյուժելի մեկը չկա էդ 5-ի մեջ, որ իր վրա գրեմ, ոչ թե քո վրա, որ ինձ վնաս տվող ես»: Կինը շեշտեց, որ իր հարեւաններից ոչ ոք իր մասին բացասական բան չի ասել, հոգեբուժարանի բժիշկները եւս ասում էին, որ ինքըառողջ է:

Ամալյա Նազարեթյանը նշեց, որ սկզբից իրեն շատ վատ էին վերաբերում հիվանդանոցում,սակայն լրատվամիջոցների եւ լրագրողների բարձրացրած աղմուկից հետո, հարեւանների, հարազատնների բողոքից հետո  սկսեցին հարգալից լինել, օրինակ` եթե նախկինում բերում, գցում էին սնունդը, դրանից հետո արդեն ափսեի մեջ էին բերում, «ջանուղուրբան» անում:

Ինգա Մարտինյան

Մանրամասները` տեսանյութում

Տպել
Ամենաշատ