News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ազատագրված Քարվաճառի շրջանի չորս գյուղերի 25 առավել կարիքավոր երեխաներ երեկ՝ հունիսի 9-ին հագուստ, կոշիկներ եւ քաղցրավենիք ստացան, որոնք գնվել էին հունիսի 1-ին Մանկական երկաթուղում կազմակերպված պաղպաղակի բարեգործական վաճառքից ստացված հասույթով: Մանկական երկաթուղում պաղպաղակի վաճառքից հանգանակվել էր 500 հազար դրամ, իսկ շարունակվող հանգանակության ընթացքում հավաքվել էր եւս 100 հազար դրամ: Դպրոցականների համար հագուստ ընտրելիս աջակցություն ցուցաբերեց «Light Style» խանութ-սրահը: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am լրատվական գործակալության աշխատակիցները երեկ կապոցները հանձնեցին Հավսաթաղ, Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր եւ Նոր Վերինշեն գյուղի դպրոցահասակ երեխաներին:

Օգտվելով առիթից՝ տեղում ծանոթացանք Քարվաճառի շրջանի խնդիրներին, իսկ դրանք, մեղմ ասած, քիչ չէին: Խորհրդային տարիներին Քարվաճառի ողջ շրջանում մոտ 70 հազար մարդ էր բնակվում, իսկ միայն բուն Քարվաճառ քաղաքում (առանց արվարձանների)՝ 19 հազար մարդ: Ներկայումս ողջ շրջանում ապրում է մոտ 2,5 հազար, իսկ քաղաքում՝ 700 մարդ: 2007 թվականից հետո վերաբնակեցում, ցավոք, չի իրականացվում:

Քարվաճառի առաջին ու լուրջ խնդիրը ճանապարհների անբարեկարգ լինելու հանգամանքն է: Վարդենիսով անցնող ճանապարհը վտանգավոր է հատկապես ձմռան ամիսներին:

Մեզ հետ զրույցում գյուղերի դպրոցների տնօրենները որպես գլխավոր խնդիրներից մեկը մատնանշում էին ինտերնետի բացակայությունը: Ինտերնետ կա միայն Քարվաճառ քաղաքում, այն էլ բավական թույլ, իսկ գյուղերում դա անհասանելի երազանքի պես մի բան է: Թեեւ «Ղարաբաղ-տելեկոմը» խոստացել է ինտերնետով ապահովել գյուղերը, սակայն առայժմ որեւէ առաջընթաց չկա: Ինտերնետի բացակայությունը, ըստ Նոր Գետաշեն գյուղի դպրոցի տնօրեն Դավիթ Գեւորգյանի լուրջ խնդիր է: Երեխաները զբաղվելու բան չունեն: «Երեւանում դժգոհում են, որ երեխաները համակարգչային կախվածություն ունեն: Ես ուրախ կլինեմ, որ այստեղ համակարգչային կախվածություն ունենան, մտնեն, մի բան սովորեն, որ սարերից կտրենք երեխաներին, հավելյալ գիտելիք ստանան, թե չէ վայրենի են մեծանում: Երեխաներն այլ հետաքրքրություն չունեն»: Քարվաճառի բնակիչները պատրաստվում են նամակով դիմել «Ղարաբաղ-Տելեկոմի» ղեկավարությանը՝ գյուղական շրջաններում ինտերնետի միացման հարցը լուծելու խնդրանքով:

Նշենք, որ Երեւանի մանկական երկաթուղում, հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, կայացել էր «Գնիր պաղպաղակ, օգնիր երեխաներին» բարեգործական ակցիան, որը նախաձեռնել էր NEWS.am լրատվական վերլուծական գործակալությունը: Սառնարանը փակվելուց հետո «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի ներկայությամբ հաշվվել էր ամբողջ գումարը եւ պարզվել, որ 6 ժամվա ընթացքում պաղպաղակի վաճառքից հավաքվել է ուղիղ 500 հազար դրամ գումար:

Ակցիային իրենց մասնակցությունն են ունեցել շոու-բիզնեսի ներկայացուցիչներ եւ քաղաքական գործիչներ: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը եւ Կարինե Աճեմյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Անահիտ Բախշյանը եւ Դավիթ Սանասարյանը, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, անդամներ ԲՀԿ-ից: Օրվա ընթացքում ակցիային այցելել էին նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը եւ Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ակցիային մասնակցել են Անի Երանյանը, Սյուզի Մելիքյանը, Ջուսը, Քրիստինե Պեպելյանը «The boys» խմբի անդամները, հեռուստահաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը եւ այլք: Շատ ակտիվ էին դերասաններ Հրանտ Թոխատյանը, Ռաֆոն  եւ Գնել Սարգսյանը («Անծանոթը» սերիալից):

Ինչպես նշել էր ակցիան նախաձեռնող NEWS.am գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանը, ակցիան հաջողված էր եւ այն անպայման շարունակական է լինելու:

Նշենք, որ ակցիային արձագանքել էին «Բոնիլաթ», «Աշտարակ կաթ» եւ «Թամարա» ընկերությունները մեծ պատրաստակամությամբ տրամադրելով պաղպաղակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ