News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուղիով լուծելու Բաքվում պարբերական հնչող հայտարարությունների մասին հարցին:

 «Կարծում եմ, որ միայն խաղաղ բանակցություններն ու փոխհամաձայնությունը թույլ կտան լուծել այս շատ բարդ, երկարաձիգ հակամարտությունը: Լուծման այլ տարբերակներ գոյություն չունեն»,-ընդգծել է Բորդյուժան: Նրա խոսքով` վերջին տարիներին Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատում են, որ հակամարտություն սկսելը շատ հեշտ է, հեշտ է ուժի եւ զենքի կիրառման վերաբերյալ որոշումն առաջինը կայացնել, սակայն շատ բարդ է հետո ամեն ինչ իր հունին վերադարձնել: Ցավոք, 90-ական թվականներին մենք, այդ թվում նաեւ ես, ապրել ենք դա:

Մենք հետխորհրդային բազմաթիվ տարածքներում տեսել ենք նմանատիպ հակամարտություններ, որոնք բազմաթիվ զոհերի են հանգեցրել: Դա եւ Կենտրոնական Ասիան է, եւ նախկին ԽՍՀՄ Արեւմտյան հատվածը: Մենք հետո զգացինք, թե որքան բարդ է այս տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ պարզապես մոռացել են այդ դառը փորձը: Նրանք պարզապես պետք է հիշեն, թե ինչ էր կատարվում 90-ական թվականներին եւ դա մի փոքր կսառեցնի նրանց: Եվս մեկ անգամ կրկնում եմ` ղարաբաղյան հակամարտությունն ունի միայն խաղաղ լուծում»,-ընդգծել է Բորդյուժան:

Նա նաեւ հավելել է, որ կազմակերպությունը վերահսկում է հակամարտության վերաբերյալ մթնոլորտն ու ուշի-ուշով հետեւում դրան: «Սակայն կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը»,-հիշեցրել է կազմակերպության գլխավոր քարտուղարը, հավելելով, որ դեմ է հանդես գալիս գոյություն ունեցող ձեւաչափին որեւէ կերպ միջամտելուն: «Դա արդյունավետ չէ: Փոխհամաձայնության որոնմամբ զբաղվում են երկու երկրների ղեկավարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ