Ամերիկացի ծրագրավորող Ջոնաթան Թրափը հանդուգն եւ կասկածելի միտք է հղացել՝ փուչիկներով թռչել Ատլանտյան օվկիանոսի վրայով: 

Մեկնարկային կետը դարձել է Մեն նահանգի Կարիբու քաղաքը, ճանապարհորդը մտադիր է օդով հասնել Արեւմտյան Եվրոպա, հայտնում է CTV News-ը:

Տղամարդն արդեն ճանապարհ է ընկել՝ հելիումով լիցքավորված 370 փուչիկներից կախված: Նա թռիչքը սկսել է Մեն նահանգի հյուսիսից՝ կանադական սահմանի մոտից: 39-ամյա էքստրեմալը գտնվում է փրկամակույկում, որը նրա կյանքը պետք է փրկի հնարավոր վթարների պարագայում:

Վայրէջքի հստակ վայրն անհայտ է. ամեն ինչ կախված է քամու ուղղությունից եւ ուժգնությունից: Էքստրեմալին ճամփորդելու համար 3-6 օր կպահանջվի: Նա պատրաստ է վայէջք կատարել որտեղ պատահի՝ Իսլանդիայից մինչեւ Մարոկո:

Rbc-ն նշում է, որ Թրափն առաջին անգամ չէ նման անսովոր փոխադրամիջոց ընտրում: 2010թ. նա հարյուրավոր փուչիկներից կախված փրկամակույկով կտրել անցել էր Լա Մանշը: