Իտալիայի Ջիլիո կղզու ափերի մոտ սկսվել է խորտակված Costa Concordia զբոսանավի` ջրից դուրս բերելու գործողությունը: Աշխատանքները մեկնարկել են տեղի ժամանակով առավոտյան 09:00-ին: Եթե ամեն ինչ ծրագրածի պես ընթանա, ապա գործողությունը կավարտվի 10-12 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործողությունը կսկսվի տեղի ժամանակով  06:00-ին, սակայն եղանակային պայմանների պատճառով այն հետաձգել էին երեք ժամով:  Նավի դուրսբերման աշխատանքների ժամանակ տարածքում դադարեցվել է նավարկությունը: Դեպքի վայրից տեսահեռարձակում է իրականացնում The Daily Telegraph-ը, հայտնում է lenta.ru-ն:

Զբոսանավի դուրսբերման գործողությունը կարժենա միլիարդ դոլար, որը վճարելու է նավն ապահովագրած ընկերությունը: Նախատեսվում է, որ զբոսանավն ուղղահայաց դիրքով է դրվելու եւ այդպես ուղարկվելու է վերանորոգման: Եթե գործողությունը չհաջողվի, նավը  կսղոցեն եւ կտեղափոխեն մաս առ մաս:

Costa Concordia զբոսանավը սուզվել էր 2012թ. հունվարի 14-ի գիշերը, նավում կար  4,2 հազար մարդ: Աղետի հետեւանքով զոհվել էր 32 մարդ, ընդ որում` երկուսի մարմինները մինչ այժմ չի հաջողվել գտնել: