News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան-2795» միջոցառումների համար նախատեսված է շուրջ 200 միլիոն դրամ, որի մեծ մասը տրամադրելու են գործընկեր մասնավոր կազմակերպությունները, իսկ այն մասը, որը չի բավարարի, կհատկացվի համայնքային բյուջեից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով տրամադրված գումարի շուրջ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում բարձրացված աղմուկին:

Հարցին, թե քննադատողները նշում են, որ նախորդ տարի այդ միջոցառումների համար ծախսվել է 90 միլիոն դրամ, ի՞նչ է փոխվել այս տարի, որ գումարը կրկնապատկվել է. Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ  90 մլն դրամ հատկացվել էր համայնքային բյուջեից, իսկ մնացած գումարը տվել էին մասնավոր ընկերությունները, նույնը կարող է լինել նաեւ այս տարի: «Ու եթե ինչ-որ մի քանի «ուռոդ», որոնք ուղղակի չարացած տականքներ են, բառիս ամենաուղիղ իմաստով, եթե իրենք անգամ հասկանալով են դա անում, շատ ավելի վատ, բառացի այդ մարդը (նկատի ունի քաղաքապետ տեղակալ Արամ Սուքիասյանին-խմբ.) բացատրել է, եթե իրենք չեն հասկանում, ես իրենց ասելու բան ուղղակի չունեմ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է այդ գումարով քաղաքի առաջ ծառացած խնդիրները լուծելուն, օրինակ՝ աղբահանության, վերելակների, տրանսպորտի հարցեր, Արթուր Գեւորգյանը նշում է, որ այդ գումարով կարող էին գնել ընդամենը մեկ աղբատար մեքենա: «Ընդունենք՝ առանք մեկ աղբատար մեքենա, դա քաղաքի հարց լուծո՞ւմ է: Ինչ-որ տականք, տականքների մի խումբ ասում է տրանսպորտի սուբսիդավորում չեք իրականացնում, ասում եք՝ գումար չկա, բայց 200 միլիոն դրամ եք տալիս, տրանսպորտը սուբսիդավորելու համար առնվազն անհրաժեշտ է մինչեւ տասը միլիարդ գումար: Եթե 90 միլիոնով պայմանական պետք է 5 հատ կտուր սարքենք, կամ չգիտեմ ինչքան մետր ասֆալտ պետք է անենք պայմանական, դու կարծում ես, որ դա շատ ավելի կարեւո՞ր է, քան մարդիկ, ովքեր մեր քաղաքում հյուր են, կամ թե չէ երեւանցին, որ իր քաղաքի տոնն է,  արժանի չէ դրան»,- ասաց նա:

Արթուր Գեւորգյանը շեշտեց, որ «սա խոսում է քո երկրի, քո քաղաքի հանդեպ ունեցած վերաբերմունքի, հարգանքի մասին, եթե դու քո քաղաքը այդպես ես հարգում, ուրեմն դու մարդ չես»: «Եթե մարդը առնվազն ինքն իրեն հարգի, ինքը չի փորձի կեղտ փնտրել, լավ բանի վրա չի կարելի կեղտ ման գալ, այլ բան է, որ եթե սրտացավ ես, ինչ-որ բան նկատում են, կարելի է շատ կոռեկտ, նորմալ ձեւով ասել՝ ժողովուրդ կարելի էր այդպես անել, բայց մենակ դնել եւ ասել, որ սա վատ է, սա վատ է, սա վատ է եւ դիմացը չառաջարկելով ոչինչ, այդպես որեւէ հարց չի լուծվում»,- նշեց նա:

Տպել
Ամենաշատ