Ծխախոտը ձեռքին եւ առանց ամրագոտու երթեւեկող բարձրաստիճան ոստիկանի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Մեր տեղեկություններով՝ դրանք հնարավոր է հայտնի դառնան հենց այսօր: Բանն այն է, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքով՝ գունագրաֆիկ մշակում ունեցող մեքենաների վարորդները՝ ոստիկանները, փրկարարները, շտապօգնության, ինկասացիայի վարորդները կարող են առանց ամրագոտու երթեւեկել, քանի որ նրանք համարվում են ծառայության մեջ: Փաստորեն, այս պարագայում փոխգնդապետի կողմից խախտում կարող է նկատվել միայն ղեկին ծխելու հանգամանքը, որի համար թերեւս նրան նկատողության կարժանացնեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիների երթը հսկող Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան աշխատակից, ոստիկանության փոխգնդապետը մեքենան վարում էր առանց ամրագոտու, ծխախոտը ձեռքին։ NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը տեսնելով՝ նա թաքցրել է ծխախոտը եւ պահանջել, որ լրագրողն անջատի տեսախցիկը։ Այնուամենայնիվ, մեր թղթակցին հաջողվել է լուսանկարել բարձրաստիճան ոստիկանին ծխախոտը ձեռքին։ NEWS.am-ին հաջողվել է պարզվել ծխախոտը ձեռքին եւ առանց ամրագոտու երթեւեկող բարձրաստիճան ոստիկանիինքնությունը։ Մեր տեղեկություեւներով՝ նա Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակում դասակի հրամանատար է, փոխգնդապետ Կարեն Ներսիսյան։











