News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Իմ հրապարակումը ոչ մի կապ չունի իմ կնոջ հայցադիմումի հետ, իմ հրապարակումը կապ ունի միայն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ, որտեղ հստակ նշված է կաշառքների չափը եւ իմ հայտնած ապացույցները կապված են միայն դրա հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը՝  Ռուբեն Մկրտումյանը:

Իսկ ինչ վերաբերում է  դատական դեպարտամենտի տարածած հայտարարությանը, ապա նա դա կապում է երկակի ստանդարտների հետ: «Իմ եղբայրը անմիջական դեր է խաղացել հայցի դեպքում, եթե նա կաշառք չի ստանում որեւիցե գործով, ուրեմն՝ բացասական վճիռ է կայացնում»,- ասաց Վճռաբեկ դատարանի նախագահի եղբայրը:

Հարցին, թե եթե եղբայրական խնդրանքը չէր անցնում, ինչի կաշառք չեք տվել, այդքան գումար չունեի՞ք, նա այսպես պատասխանեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք որեւիցե մի եղբայր իր եղբորը կաշառք տա, դա էլ նոր թեմա դառնար, ես ի սկզբանե գիտեի, որ ինքը կաշառք է ուզելու, որովհետեւ ինքը առանց կաշառքի ոչ մի գործարք չի անում, դրա համար ես իրեն չեմ դիմել ընդհանրապես: Դեպարտամենտը, որ ասում է դիմել եմ, ուրեմն՝ գլուխը պատին է  տալիս, ոչ մի դիմում, խնդրանք չի եղել ի սկզբանե իմանալով, որ ցանկացած դիմումը հանգեցնելու է կաշառքի ուզման»,- ասաց Ռուբեն Մկրտումյանը: Նա շեշտեց, որ եթե ինքը նման հայտարարություններով հանդես գալու լիներ, դեռեւս 2010թ հանդես կգար, «բոլոր հիմքերը ունեի, երբ որ նրա հայրը նրանից ալիմենտ էր ուզում»:

«Իմ հայտարարությունը միայն կապված է  ՄԻՊ զեկույցի հետ, եթե ուզում են կապ գտնեն իմ կնոջ հայցադիմումի հետ, նորից եմ կրկնում երկակի ստանդարտ, կաշառք կտան, կբավարարեք, չենք տա, չեն բավարարի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկությանը, որը վերջերս շատ էր շահարակվում, եղբայրն ասաց, որ դա իրեն չի հետաքրքրում, «այստեղ հարցն այն է, որ պաշտպանի զեկույցին բավականին ընդդիմախոսներ կան, որոնք վճարովի են, թե ինչ են իրենք ընդդիմախոսում,վճարի համար գիտեն, բայց օբյեկտիվ բոլորս էլ գիտենք, որ դատական համակարգը կոռումպացված է, եւ իմ ներկայացրած ապացույցները, կարծում եմ, բավարար է, որ մնացած բոլոր ընդդիմախոսները լռեն»:

Մեր տեղեկությունները, որ նրան Դատախազությունից հեռացրել են Արման Մկրտումյանի միջնորդությամբ, Ռուբեն Մկրտումյանն ասաց, որ չի ցանկանում այդ թեման շահարկել, «դա առանձին թեմա է, ես դեռշատ բան ունեմ ասելու, իմ հայտարարությունը «Հրապարակ»  թերթում 1/3-րդն է, ես դեռ 2/3 ունեմ ասելու»:

«Եթե նախագահը դատական համակարգից դժգոհ լիներ, մի բան կաներ, երբ Արդարադատության խորհրդի նախագահի հայրը նրանից ալիմենտ է պահանջում, նման բան լսված չէ երկրագնդի ցանկացած, անգամ աֆրիկյան երկրում, եւ ոչ մի քայլ չձեռնարկվեց, էլ ինչի՞ մասին է խոսքը, եթե նրա հորը դրել էին գժի տեղ, կարծում եմ՝ ինձ գժի տեղ չեն դնում, այն ինչը ես օբյեկտիվ ասում եմ, իսկ ճիշտը ասելը հանցագործություն չէ»,- նշեց Ռուբեն Մկրտումյանը:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՄԻՊ զեկույցն արդար դատաքննության վերաբերյալ հերքումների տարափ առաջացրեց։ Դատական դեպարտամենտը, դատավորները հերքումներ տարածեցին, նույնիսկ փաստաբանների պալատը քննադատեց փաստաթուղթը, դրա առաջին մասը, որտեղ օմբուդսմենը կոռուպցիայի վերաբերյալ անանուն տեղեկություններ է հայտնում, համարելով իրավական տեսանկյունից չհիմնավորված։ «Երեկ, սակայն,մի անսպասելի «հիմնավորում» ստացանք անսպասելի այցելուից, եւ դա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրն էր՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ով, իր խոսքերով, զեկույցը կարդալուց հետո որոշել է, որպես իրազեկ անձնավորություն, որոշ մանրամասներ հաղորդել Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ ՄԻ պաշտպանը չի սխալվում...Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։ «Այն ժամանակահատվածում, որ մեծ ընտանիք էր, մենք եղբայրներով, նաեւ ծնողներով դեռ շփվում էինք։ Հետագայում նա դադարեց որեւէ մեկի հետ շփվել, բայց ես, որպես իրազեկ անձ,նրա եղբայր, կարող եմ ասել, որ մինչեւ 98 թվականը նա աշխատում էր Նազարյան Վոլոդյայի ՍՊԸ-ում։ Նրա ստացած աշխատավարձը 1995, 96, 97 թվականներին հազիվ էր բավարարում նրա ընտանեկան հոգսերին։ 98 թվականի աշնանը նա պալատի նախագահ դարձավ, իսկ 99—ին Թումանյան փողոցում, որտեղ նա բնակվում էր, «Թումանյանի շաուրմայի» շենքում երկու սենյականոց բնակարան գնեց՝ կես տարվա մեջ։ Հերքելով ՄԻՊ ընդդիմախոսներին, ասեմ, որ նա ժառանգություն չի ստացել, որովհետեւ եթե ստանար, ես էլ կստանայի, ես էլ էի ժառանգ...»,- գրել է թերթը։

Դրանից հետո Դատական դեպարտամենտը հայտարարություն էր տարածել հետեւյալ բովանդակությամբ. «Այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակվել է հոդված, որը կապված է Վճռաբեկ դատարանի նախագահի եղբոր կողմից նույն թերթին տված տեղեկությունների հետ: Գրեթե բոլոր լրատվական կայքերն անդրադարձել են «Հրապարակ» օրաթերթի վերոգրյալ հոդվածին, սակայն այդ անդրադարձները կատարվել են մասնակի եւ միակողմանի: Կայքերում արված մամուլի տեսությունում տեղ չի գտել երկրորդ կողմի հայտնած փաստերը, այն է՝ Ռուբեն Մկրտումյանի կինը դատարանում ունեցել է դատական գործ, որը պարտվել է: Դատական ակտը կայացվել է օրենսդրությանը համապատասխան, հակառակ կողմի օգտին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարվել է կատարել եղբոր խնդրանքը, որը դուրս է եղել օրենսդրության սահմաններից: Ինչ վերաբերվում է Վճռաբեկ դատարանի նախագահի իրական ունեցվածքին, ապա դրա ցանկն ամբողջությամբ հրապարակված է էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում»:

Ինգա Մարտինյան

Տպել
Ամենաշատ