News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Գիտական հանրության շրջանում խոսակցություններ կան, որ թեմատիկ նախագծերի ընտրության համակարգն արդյունավետ չէ: Ի՞նչ մեխանիզմներ են այսօր գործում եւ որքանո՞վ է արդյունավետ գործող համակարգը, այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը (սկիզբը տես այստեղ):

Պարոն   Հարությունյան,  խոսակցություններ   կան,  որ   թեմատիկ   նախագծերի   ընտրության   համակարգն արդյունավետ   չէ:

Հավատացնում եմ Ձեզ, որ նման խոսակցությունների պատճառը նախագծերի ընտրության գործող համակարգին անտեղյակ լինելն է, կամ էլ այն արատավոր կարծիքն է,  թե ԳՊԿ նախագահը  ամեն ինչ որոշում է միանձնյա: Գործող համակարգը միգուցե դեռ կատարելագործման կարիք ունի, բայց համակարգի ձեւավորման մեջ դրված է մի շատ կարեւոր սկզբունք, այն է` համակարգը պետք է լինի այնպիսին, որ կախված չլինի տվյալ պահին գործող ղեկավարից: Ես ուզում եմ կարճ նկարագրել պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության գործընթացը:

Նախ մի երկու խոսք անկախ փորձագիտական համակարգի մասին: Այդ համակարգը կոմիտեն սկսել է ձեւավորել 2009 թ.-ից, եւ այսօրվա դրությամբ փորձագետների շտեմարանում ընդգրկված են շուրջ 1500 գիտնական` ՀՀ-ից եւ արտասահմանից: Ընդ որում` յուրաքանչյուր փորձագետի տվյալների բազան պարունակում է տեղեկատվություն նրանց գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառի, մասնագիտության, հրապարակումների, դրանց բանալի բառերի, տարբեր ծրագրերում ընդգրկվածության եւ այլնի մասին: Հայտերի գնահատումն իրականացվում է այդ համակարգում ընդգրկված փորձագետների միջոցով հետեւյալ մեխանիզմի կիրառմամբ: Յուրաքանչյուր մրցույթի ժամանակ ըստ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառների,  ձեւավորվում են մասնագիտական փորձագիտական խորհուրդները: Այս կամ այն բնագավառի խորհուրդը նախ խմբավորում է հայտերը` ըստ թեմատիկ ուղղվածության  բլոկների (օրինակ «Ֆիզիկա» բնագավառի համար ձեւավորվում են «Պինդ մարմնի ֆիզիկա», «լազերային ֆիզիկա», «գրավիտացիայի տեսություն», «կիսահաղորդիչների ֆիզիկա»  եւ այլն բլոկները): Այնուհետեւ կոմիտեի փորձագետների շտեմարանից հայտերի յուրաքանչյուր բլոկի համար ձեւավորվում է փորձագետների հնարավոր համախումբ: Այս ամբողջ գործընթացը իրականացվում է խորհրդի նախագահի եւ տվյալ ոլորտի պատասխանատու խորհրդի անդամի ներկայությամբ: Սովորաբար յուրաքանչյուր բլոկում ընգրկվում են 6-10 փորձագետ Հայաստանից եւ նույքան էլ արտասահմանից: Փորձագետների համախումբը ձեւավորելուց հետո համակարգչային ծրագրի օգնությամբ, պատահականության սկզբունքով այդ համախմբից ընտրվում են երկու փորձագետներ ( մեկը արտերկրից եւ մեկը Հայաստանից, իսկ որոշ դեպքերում նաեւ երկուսն էլ արտերկրից), որոնց ինքնության մասին խորհրդի անդամները չեն տեղեկացվում:

Փորձագետների եւ հայտի ղեկավարի կամ կատարողների միջեւ շահերի բախման հնարավորությունը բացառելու նպատակով կոմիտեն հայտը չի ուղարկում այն փորձագետներին, որոնց, որպես անցանկալի փորձագետներ իր հայտում նշել էր հայտի ղեկավարը: Փորձագետի գնահատականը կազմում է գնահատման սանդղակի առավելագույն միավորի 85 տոկոսը: Միավորների մնացած 15 տոկոսը` խմբի ղեկավարի եւ կատարողների մասնագիտական որակավորման գնահատականն է:  Այդ գնահատականը տրվում է խորհրդի կողմից` նախքան փորձագետների գնահատականների հայտնի լինելը  եւ ձեւավորվում է խմբի ղեկավարի եւ կատարողների հրապարակումների գիտաչափական տվյալների հիման վրա: Հայտի գիտական փորձաքննության վերջանական գնահատականը երկու փորձագետների գնահատականների միջին թվաբանականի եւ խորհրդի գնահատականի գումարն է: Խորհուրդը կոմիտեի նախագահին է ներկայացնում հայտերի գնահատականների վերջնական վարկանիշային ցանկը: Կոմիտեի նախագահը, ելնելով ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման համար հատկացումների չափից, որոշում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր բնագավառի շեմային գնահատականը, որին հավասար կամ դրանից բարձր գնահատված գիտական թեմաները երաշխավորվում են ֆինանսավորման: Ինչպես նաեւ իր հրամանով հաստատում է գիտական թեմաների ցանկն ու դրանց ղեկավարների ցուցակը՝ նշելով յուրաքանչյուր գիտական թեմայի կատարման համար նախատեսվող հատկացման չափը:

Սա է թեմատիկ ծրագրերի հայտերի ընտրության ներկայիս մեխանիզմը: Եվ այն կարծիքը թե գիտության պետական կոմիտեն, մասնավորապես, կոմիտեի նախագահն է գնահատում կամ ընտրում թեմատիկ ֆինանսավորման հայտերը բոլորովին չեն համապատասխանում իրականությանը: Մեկընդմիշտ ուզում եմ հիշեցնել՝ «Հարգելիներս, ԳՊԿ-ն, առավել եւս ԳՊԿ նախագահը (որն ի դեպ, ի պաշտոնե պատասխանատու է բազմաթիվ պրոբլեմներ ունեցող գիտության ողջ ոլորտի համար, այն է` գիտության ֆինանսավորման խնդիրներ, միջազգային գիտական համագործակցություն, գիտության երիտասարդացման խնդիրներ, գիտական մեգածրագրեր, սփյուռքի գիտնականների հետ համագործակցության խնդիրներ, միջազգային գիտական մի շարք կառույցներում ՀՀ-ն ներկայացնող անձ եւ այլն եւ այլն)  փորձագիտական գործունեությամբ զբաղվելու լիազորություններ չունի եւ դրանով չի զբաղվում, այլ հանդես է գալիս որպես պետության կողմից համապատասխան լիազորություններով օժտված փորձաքննության պատվիրատու: Փորձագետները եւ փորձաքննական հանձնաժողովի անդամները դուք եք եւ մեր արտերկրի գործընկերները, որոնք, ի դեպ, անվճար համաձայնվել են  համագործակցել մեզ հետ:  ԳՊԿ նախագահի որոշումները հենվում են փորձագիտական խորհրդի կողմից ներկայացված ռեյտինգային գնահատականների վրա:

Ի՞նչումն   է   տարբեր   գերատեսչությունների   դերը   թեմատիկ   նախագծերի   ընտրության   համակարգում:

Ինստիտուցիոնալ իմաստով թեմատիկ ֆինասավորումը գիտնականների խմբերի /կոլեկտիվների/ կողմից ներակայացված նախագծերի ֆինասավորումն է եւ, հետեւաբար, դրանց ընտրության գործընթացում գերատեսչությունները կամ խմբի կազմակերպության գերատեսչական պատկանելիությունը չեն կարող դեր խաղալ: Թեմատիկի ամբողջ իմաստն այն է, որ ֆինանսավորվեն հնարավորինս բարձր գիտական «արժեք» ունեցող թեմաներ` անկախ նրանից, թե դրանք որ գերատեսչական հիմնարկում են կատարվում` ակադեմիական, բուհական, նախարարությունների ենթակայութան տակ գործող, թե ոչ պետական գիտական կազմակերպություններում: Մյուս կողմից էլ, թեմատիկ նախագծերի ընտրութան գործընթացը հիմնվում է գիտնականների գնահատականների վրա եւ, հետեւաբար, բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները այս կամ այն կերպ` փորձագետի կամ մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամի կարգավիճակով մասնակցում են այդ գործընթացներին: Դրա հետ կապված ես ուզում եմ անդրադառնալ նաեւ Գիտության պետական կոմիտե - Գիտությունների ազգային ակադեմիա փոխհարաբերություններին: Ես բազմիցս տարբեր առիթներով ասել եմ եւ մեկ անգամ եւս կցանկանայի կրկնել՝  ԳՊԿ-ն եւ ԳԱԱ-ն ոչ թե մրցակցող, այլ՝ միեւնույն նպատակի համար աշխատող եւ իրար փոխլրացնող կազմակերպություններ են՝ մեկը կառավարման պետական մարմնի իր լիազորություններով, մյուսը` գիտահետազոտական ինստիտուտների իր համակարգով: Այս երկու կառույցների սկզբունքային եւ փոխհամաձայնեցված գործողությունների արդյունավետությունից է կախված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ողջ բնագավառի կառավարման, իրականացվող բարեփոխումների եւ հետազոտական հիմնարկներում կատարվող ուսումնասիրությունների մակարդակը եւ  արդյունավետությունը: Այդ իսկ պատճառով ԳՊԿ-ն կցանկանար ի դեմս ՀՀ ԳԱԱ-ի տեսներ վստահելի եւ ուժեղ գործընկերոջ:  Ասածս վերաբերվում է նաեւ այլ տարբեր գերատեսչությունների, որոնց կազմում գործում են գիտական հիմնարկներ: 

Ի՞նչով էր տարբերվում պայմանագրային/թեմատիկ/ ֆինանսավորման 2013թ. մրցույթը նախորդներից:

2013թ. անցկացված պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման հայտերի մրցույթը նախորդներից տարբերվում էր մի քանի արդյունավետ եւ կարեւոր նորամուծություններով: Առաջինը՝ թեմայի ֆինանսավորման ընդհանուր ծավալներն ավելացվեցին եւ համապատասխանեցվեցին միջազգային ստանդարտներին`  առավելագույնը 16.0 մլն դրամ /երկու տարվա համար/, ինչը հնարավորություն տվեց միջին ամսական աշխատավարձը 65.0 հազար դրամից դարձնել  100.0 հազար դրամ, ավելացնել նյութերի, սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաեւ գիտական գործուղումների համար նախատեսված ֆինանսական հատկացումները:

Երկրորդ՝ ներդրվեց թեմայի խորհրդատուի ինստիտուտը, արդյունքում 159 թեմայից ունենք 54 թեմա, որտեղ ներգրավված են արտասահմանում աշխատող գիտնականներ /եւ ոչ միայն հայազգի/: Այս ինստիտուտի ստեղծումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՀՀ գիտության ոլորտի ծրագրերից մեկը դարձնել բաց ու հասանելի օտարերկրյա գիտնականների համար, այլ նաեւ հնարավորություն է տալիս կապեր հաստատել միջազգային գիտական միջավայրում, ամրապնդել  եւ զարգացնել սփյուռքի գիտնականների հետ մեր կապերը:

Եթե վերցնենք ֆինանսական կողմը, ապա  արտասահմանյան խորհրդատուին վճարվում է միայն գործուղման ծախսերը, որոնք հաստատվող կապերի ու դրանց շրջանակներում իրականացվող աշխատանքների համեմատ կազմում են չնչին գումար: Այսպես, մեր թեմատիկ ծրագրերից մեկի արտասահմանյան խորհրդատուն իր առաջին իսկ այցի ժամանակ կոմիտե պատրաստակամություն հայտնեց իրենց կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին 2 ասպիրանտ վերցնել մեր հանրապետությունից,

Այս տարի առաջին անգամ ներդրվեց հայտերի լրացման եւ ընդունման առցանց համակարգը` հայտերն ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ բացառելով ցանկացած միջամտություն մրցութային գործընթացին՝ վերացնելով ավելորդ թղթաբանությունը, գործընթացը դարձնելով ավելի դյուրին եւ հեշտ կիրառելի, մոտեցնելով այն միջազգայնորեն ընդունված եւ կիրառում ստացած չափանիշներին:

Հայտի ղեկավարին հնարավորություն տրվեց նշելու մինչեւ 3 անցանկալի փորձագետի անուն, ինչը նշանակում էր, որ նշված փորձագետները չէին մասնակցելու տվյալ հայտի փորձաքննությանը, արդյունքում՝ զգալիորեն նվազում է շահերի բախում իրավիճակների առակայության հնարավորությունը:

Մյուսը՝ հայտի փորձագիտական գնահատականի 15 տոկոսը ձեւավորվում է ֆորմալ պարամետրերով` գիտաչափական տվյալների հիման վրա:

Եվ իհարկե, ես շատ եմ կարեւորում 2008 թ. ներդրված այն մոտեցումը, որ թեմատիկ ծրագրերի համար պարտադիր պայման է հանդիսանում թիմի կազմում ունենալ առնվազն մեկ երիտասարդ գիտնականի, ինչն էլ նպաստում է գիտության ոլորտ երիտասարդների ներգրավմանը: Դեռ ավելի կոմիտեն յուրաքանչյուր տարի հայտարարում է հատուկ թեմատիկ ծրագրեր՝ նախատեսված երիտասարդ գիտնականների, ասպիրատների եւ հայցորդների համար:

Ի՞նչ   է   տվել   թեմատիկ   ծրագրերի   նման   համակարգի   ներդրումը:   Կարո՞ղ   ենք   խոսել   արդյունքներից:

Նախկինում գործող համակարգն իր 700-ից մինչեւ 1000 գիտական թեմաներով եւ 0.5-ից մինչեւ 40 հաստիքներ ունեցող խմբերով ոչ իրական ու ոչ արդյուանվետ համակարգ էր: Բազայինի եւ թեմատիկի բաժանումը պայմանական էր ու մեծամասամբ իրար կրկնող, արդյունքում` 15 տարիների ընթացքում թեմատիկ ծրագրերի շրջանակներում չէին իրականցվել ոչ մի գործուղում, չէր գնվել ոչ մի սարքավորում, հոդվածները տպագրվել էին հիմնականում տեղական ամսագրերում:

Ներկայիս համակարգի տված արդյունքներն ավելի քան խոսուն են: Միայն ամփոփելով նախկին` 2011-2013 թթ. գիտական թեմաների հաշվետվությունները նշեմ, որ ծրագրերի ընդհանուր ֆինանսավորմանը հատկացվել էր 1.580.283.700 դրամ, որի շրջանակներում իրականացվել է 360-ից ավելի գիտական գործուղում, գումարի 20 % -ի չափով ձեռք են բերվել սարքեր եւ սարքավորումներ, այդ թվում՝ նաեւ համակարգչային տեխնիկա, պատրաստվել է 1470 հրապարակում,  այդ թվում՝ ամսագրերում տպագրվել են 758 հոդվածներ, 642 գիտաժողովի նյութեր, տպագրման են ներկայացվել եւս 58 հոդվածներ:

Եվ որպես վերջաբան կուզեի շնորհավորել բոլորիս գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ հորդորել մեր գիտական հանրությանը լինել ավելի կառուցողական, ավելի լավատես, հանդես բերել նախաձեռնողականություն, հանդես գալ առաջարկներով՝ արդեն իսկ կառուցածը զարգացնելու եւ նոր ձեռքբերումներ գրանցելու համար:

Անահիտ Սարգսյան

Տպել
Ամենաշատ