News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Այսօր գիտության ոլորտի ֆինանսավորման մեխանիզմների անկատարության մասին շատ խոսակցություններ են շրջանառվում: Ինչ մեխանիզմներ են այսօր գործում եւ որքանով է արդյունավետ գործող համակարգը, այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Պարոն Հարությունյան, գիտության ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է տարբեր ձեւերով, դրանցից մեկն էլ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումն է: Որո՞նք են ներկայիս համակարգի դրական կողմերը եւ ինչպիսի՞ թերություններ ունի այն:

Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորումն ուղղված է անհատ գիտնականների եւ հետազոտական խմբերի (մինչեւ 5 մարդ) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված կարճատեւ (մինչեւ 2 տարի տեւողությամբ) հետազոտական նախագծերի իրականացմանը եւ, ըստ էության, այն դրամաշնորհային ծրագիր է: Թեմատիկ ֆինանսավորումը ներդրվել է 1993 թ. եւ մինչեւ 2005թ. գիտության բոլոր ոլորտների ֆինանսավորումն իրականցվում էր նմանատիպ ծրագրերի միջոցով: Գաղափարը տվյալ ժամանակի համար լավն էր. խրախուսվում էին գիտնականների նախաձեռնությունները, նրանց հնարավորություն էր տրվում լինել ավելի ինքնուրույն, այն որոշ չափով մեղմեց գիտնականների արտահոսքը: 2005 թ. սկսած ներդրվեց նաեւ գիտության  ոլորտի բազային ֆինանսավորումը` գիտական ծրագրերի/թեմաների 60 տոկոսը ֆինանսավորվում էր բազային ծրագրերով, իսկ 40 տոկոսով ֆինանսավորվում էին թեմատիկ ծրագրերը:  Այսինքն բաժանումը պայմանական էր, եւ դա հանգեցրեց նրան, որ միեւնույն թիմում աշխատող գիտնականների մի մասը (հիմնականում տարիքային ավելի բարձր խմբի) ընդգրկվեցին բազային ծրագրերում: Բազային ծրագրերը միտված են լուծելու պետության պաշտպանական խնդիրների, երկրի տնտեսության, հումանիտար եւ սոցիալ տնտեսական ոլորտների առավել կարեւոր նշանակություն ունեցող գիտական խնդիրները: Սովորաբար այն տրվում է հետազոտական հիմնարկներին 5 տարի ժամկետով, այն ավելի ընդգրկուն է, իր մեջ կարող է ներառնել մեծ թվով գիտաշխատողներ, վարչասպասարկող անձնակազմ եւ այլն: Բազային ծրագրերով ֆինանսավորվում են նաեւ գիտական հիմնարկի տնտեսական ծախսերը եւ այլն:  40 տոկոս ֆինանսավորվող թեմատիկ ծրագրերում ընդգրկվեցին ավելի երիտասարդ եւ առավել անփորձ գիտաշխատողները: Թեմատիկ ծրագրերը իրենց մեջ ներառում են փոքրածավալ եւ կարճաժամկետ հետազոտական ծրագրեր եւ ֆինանսավորվում են մրցույթով, 2 տարի ժամկետով: Ակնհայտ է, որ թեմատիկ ծրագրերը ֆինանսավորման տեսանկյունից ավելի ռիսկային են եւ գումարների տեսանկյունից փոքրածավալ: Այսպիսով` 2005 թվականին գիտության ֆինանսավորման բազային եւ թեմատիկ պայմանական բաժանումը արջի ծառայություն մատուցեց հատկապես երիտասարդ գիտաշխատողներին, արդյունքում՝ երիտասարդների մոտ ավելի ուժեղացավ արտերկիր գնալու ցանկությունը, իսկ իրավական տեսանկյունից հանգեցինք  մի անհեթեթ իրավիճակի` բազային ու թեմատիկ ծրագրերի մեծ մասն իրար կրկնում էին, որը իրավական տեսանկյունից անթույլատրելի էր: Ահա այսպիսի ժառանգություն ստացավ 2008թ.  ձեւավորված գիտության պետական կոմիտեն:

2008 թվականին կոմիտեի ստեղծումից հետո մասամբ հաջողվեց լուծել այդ խնդիրը՝ մանրամասն ուսումնասիրվեցին ֆինանսավորման երկու համակարգերը՝ վեր հանվեցին բոլոր կրկնվող ծրագրերը: Արդյունքում, եթե 2008-2011թթ, ֆինանսավորվում էր 705 գիտական թեմա` շուրջ 1 մլրդ 489 մլն դրամ տարեկան ֆինանսական ծավալով, ապա 20011-2013թթ. համար գիտական թեմաների քանակը դարձավ 130, իսկ տարեկան ծավալը` մոտ 760 մլն: Ֆինանսավորման տարբերությունն ավելացվեց բազային ֆինանսավորման ծրագրերում, որի հաշվին այդ ծրագրերում ներգրավվեցին նաեւ նախորդ թեմատիկ ֆինանսավորման թեմաների կատարողների բացարձակ մեծամասնությունը, որոնք մինչ այդ միայն թեմատիկ ֆինանսավորում էին ստանում: Այսօր վստահորեն կարելի է ասել, որ թեմատիկ ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների գրեթե 100 տոկոսը ընգրկված են նաեւ բազային ծրագրերում: Այսպիսով` այդ 130 թեմաները, ինչպես նաեւ հետագայում ֆինանսավորվածները, ըստ էության, վերածվեցին բազային ծրագրերում ընդգրկված գիտնականների խմբերի/կոլեկտիվների/ կողմից ներկայացված թեմաների  ֆինանսավորման լրացուցիչ ծրագրերի:

Փոխվեցին նաեւ գիտության ֆինանսավորման այս կամ այն ձեւի առջեւ դրված նպատակները: Մասնավորապես, բազային ֆինանսավորումը վերածվեց գիտական կազմակերպությունների ինստիտուտցիոնալ ֆինանսավորման` ծրագրի գիտական բաղադրիչի պարտադիր ներառմամբ, իսկ թեմատիկը` մրցակցային պայմաններն ապահովող եւ այդ պայմաններում ընտրվող կոնկրետ եւ հիմնականում կարճաժամկետ տեւողության օրիգինալ լուծումներ պահանջող թեմաների ֆինանսավորման: Անհրաժեշտ եմ գտնում ընդգծել վերջինիս կարեւորությունը, քանի որ ինչպես մարդկային գործունեության ցանկացած բնագավառի, այնպես էլ գիտության  ոլորտի կայուն զարգացումը հնարավոր է ապահովել միայն միջազգային մակարդակով մրցակցային միջավայրի առկայության դեպքում` այս դեպքում առավել ակտիվ աշխատող գիտական խմբերի եւ առավել արդիական գիտական թեմաների ընտրության ու ֆինանսավորման ճանապարհով:

Այս իմաստով առաջանում է մյուս եւ երեւի թե ամենակարեւոր հարցը` ինչպիսի մեխանիզմներով ապահովել մրցակցությունը: Հարցի պատասխանի համար պետք չէ ինչ-որ նոր բան հնարել`  գիտնականների կողմից առաջարկվող գիտական թեմաների գնահատումը պետք է իրականացվի իրենց արտասահմանցի գործընկերների եւ իրենց իսկ կողմից: Այս նպատակն իրականացնելու համար ստեղծվեց անկախ գիտական փորձագիտական համակարգը, երբ գիտական թեմաների գնահատումն իրականացվում է ներսի եւ արտերկրի գիտնականների կողմից, իսկ գիտության պետական կոմիտեին, որպես գիտության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի, վերապահվում է միայն գիտական փորձաքննության կազմակերպումը եւ փորձագիտական գործունեության իրավական հենքի ապահովումը: Պետք է նշել, որ անկախ փորձագետ ասելով ենթադրվում է, որ փորձագիտական գործունեության ընթացքում գիտնականն արտահայտում է իր անձնական կարծիքը, ոչ թե որեւէ կազմակերպության շահերը: 

Հարցերի մյուս համախումբը, որի լուծվելուն է կոչված թեմատիկ ֆինանսավորումը` մրցութային պայմանների ճկունության ու շահառուների բազմազանության ապահովումն է, մասնավորապես` երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների իրականացման, ասպիրատների անհատական խրախուսման, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների իրականացման` տնտեսության մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման սկզբունքով, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների խրախուսման ծրագրերի իրականացումը:

Թեմատիկ ֆինանսավորման ծավալները վերջին տարիների ընթացքում կազմում են գիտության ոլորտի ֆինանսավորման ընդհանուր ծավալի միայն 11 տոկոսը, եւ անհասկանալի է, որ նախ` թեմատիկ ֆինասավորումն այդքան հաճախ դառնում է շահարկման առարկա եւ երկրորդը` իրենց ինքնակոչ «գիտության փրկիչներ» հայտարարած մի քանի «առաքյալներ» հայտարարում են, որ գիտության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները կլուծվեն, եթե թեմատիկ ֆինանսավորումը վերածվի բազայինի եւ ինստիտուտների տնօրեններին իրավունք տրվի ինքնուրույն բաժանել այդ գումարները: Արդյունքում, ըստ այդ պարոնների, ամենաքիչը ոլորտի աշխատողների  աշխատավարձը կկրկնապատկվի, իսկ մնացած խնդիրները իրենք ինչ որ ձեւով կլուծեն ինքնուրույն: Այսինքն, առաջարկվում է անցնել «կոլխոզների» համակարգի, ամբողջ գիտությունը վերածել մի քանի «իշխանիկների» անձնական ամբիցիաների հագեցման  թատերաբեմի, իսկ պետության դերակատարումը հավասարեցնել զրոյի:

Փորձենք հասկանալ այդ առաջարկությունների հետեւանքները:

Նախ առաջարկվում է հրաժարվել մրցակցային ֆինանսավորումից, որի աղետալի հետեւանքները մենք բազմիցս տեսել ենք: Մասնավորապես, շատերի մոտ նախկինում մրցակցություն գնում էր միայն հանրապետության ներսում առանձին լաբորատորիաների միջեւ եւ գիտական խնդիրները շատ հաճախ չէին դիմանում միջազգային մրցակցությանը: Այսօր բոլոր ծրագրերը անցնում են նաեւ միջազգային փորձաքննություն, որի շնորհիվ էապես բարձրացել է ներկայացվող ծրագրերի գիտական մակարդակը:

Հետո, հարց է առաջանում ինչպես ենք վարվելու միջազգային համագործակցության հետ, ինչպես ենք լուծելու երիտասարդների հետ կապված խնդիրները, իսկ մասնավոր հատվածի հետ աշխատանքը եւ գիտական արդյունքների առեւտրայնացման խնդիրները ինչպես են լուծվելու: Չէ որ այս բոլոր խնդիրները պետությունը լուծում է թեմատիկ ծրագրերի շրջանակներում:

Հիմա աշխատավարձի կրկնապատման մասին:

Հիշում եմ մի հետաքրքիր պատմություն: Երբ 1988 թ. մեկնեցի ստաժավորման Իտալիա, սովետական ստաժորների խմբում Մոսկվայի պետական համալսարանից Անդրեյ անունով մի երիտասարդ քիմիկոս կար, որն առաջին անգամ էր արտասահմանում եւ երբեք չէր տեսել  սուպերմարկետ: Երբ մտանք սուպերմարկետ, նա ապրանքների բազմազանությունից եւ ճոխությունից քիչ մնաց ուշաթափվեր: Ուշքի գալուց հետո նա հետեւյալն ասեց. «Սա ազնիվ չէ, անհրաժեշտ է Իտալիան միացնել Սովետական միությանը եւ այս ամենը բաժանել բոլորի միջեւ»: Հարգարժան գործընկերներ, ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես գիտության բյուջեի ընդամենը 11 տոկոսի հավասարաչափ վերաբաշխումը կարող է կրկնապատկել աշխատավարձը եւ, ընդհանրապես, գիտության ոլորտում համահավասարեցման սկզբունքը, «կոլխոզային» մոտեցումը ինչպես կարող է ապահովել բարձր արդյունավետություն: Ընդհակառակը, թեմատիկ ֆինանսավորման առկայությունը հնարավորություն է տալիս ոլորտում ներդնել սոցիալական արդարության մթնոլորտ, այն է` բարձր  արդյունավետությամբ աշխատող գիտնականները պետք է ավելի բարձր վարձատրություն ստանան` եթե բազային ծրագրերում ընդգրկված գիտաշխատողը նաեւ գիտական թեմայի կատարող է, ապա նրա աշխատավարձը միջինում 100,0 հազ. դրամով բարձր է:  

Տպել
Ամենաշատ