Ատլանտյան օվկիանոսի հատակում Ատլանտիդայի որոնումները նոր թափ են ստանում․ ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստազորի կոնտրադմիրալի խոսքով՝ հետազոտողները գտել են մի տարածք, որի առանձնահատկությունները հիշեցնում են Պլատոնի նկարագրած առասպելական քաղաքը։ Այդուհանդերձ, Ատլանտիդայի գոյությունը հաստատող որևէ հնագիտական ապացույց դեռևս չկա։

Պահեստազորի կոնտրադմիրալ Թիմ Գալոդետն այս նախագծի մասին պատմել է 2026 թվականի օգոստոսին «American Alchemy» փոդքասթի ընթացքում, գրում է Daily Mail-ը։

«Մենք կարծում ենք, որ Ատլանտյան օվկիանոսում գտել ենք մի հատված, որի բնութագրերը ճշգրիտ համընկնում են Պլատոնի նկարագրությանը», — նշել է նա։ Հայտնաբերված վայրի տեղադիրքը չի հրապարակվում՝ չտարածման համաձայնագրի պատճառով։

Մասնագետները ջրասույզ եղած ռելիեֆը համեմատում են Պլատոնի երկերում տեղ գտած մանրամասների հետ։ Գալոդետի պատմելով՝ շտապօգնության մի բժիշկ ավելի քան տասը տարի աշարհագրական ու հնագիտական նյութեր է հավաքել, ինչից հետո միայն ձևավորել է մասնագետների այս թիմը։

Սպասվող արշավախումբը կարող է ավելի ծանրակշիռ ապացույցներ տալ։ Գալոդետը հայտնել է, որ ստորջրյա հետազոտող Վիկտոր Վեսկովոն լսել է թիմի շնորհանդեսն ու հետաքրքրություն հայտնել․ «Մենք նրան ներկայացրինք Ատլանտիդայի նախագիծը, և նա ասաց՝ «Լավ, ես ձեզ հետ եմ»»։

Այնուամենայնիվ, արշավախմբի հստակ ժամկետները կամ հետազոտության վայրը դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել։ Հարցազրույցի ընթացքում որպես հավանական տարբերակ նշվել են Ազորյան կղզիները, սակայն Գալոդետը չի հաստատել, որ պատրաստվում են ուսումնասիրել հենց այդ շրջանը։

Ատլանտիդայի մասին առաջինը հիշատակել է Պլատոնը՝ այն ներկայացնելով որպես հզոր կղզի-պետություն, որը հակամարտության մեջ է եղել հին Աթենքի հետ։ Ժամանակակից գիտնականները Ատլանտիդայի պատմությունը հիմնականում համարում են պլատոնյան առասպել, այլ ոչ թե ապացուցված պատմական փաստ։ «Ստենֆորդի փիլիսոփայական հանրագիտարանը» այն հստակ որակում է որպես Պլատոնի հեղինակային առասպելներից մեկը։

Այս տարբերակումը շատ կարևոր է նոր հայտարարությունը գնահատելու համար։ Ստրոջրյա հատակի չափումները թույլ են տալիս հայտնաբերել ստորջրյա լեռնաշղթաներ, հովիտներ ու սարահարթեր, սակայն հին նկարագրությունների հետ լոկ նմանությունը դեռ չի ապացուցում, որ դրանք մարդու ձեռքի գործ են։ Ատլանտիդայի գտնվելու մասին տվյալները պահանջում են տեղում ուսումնասիրություն, երկրաբանական թվագրում և հնագիտական փաստեր։