Տիգրանաշենի շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռ մինչև 2018-ի իշխանափոխությունը, քանի որ մեծ քաղաքականության մեջ նպատակներն իրագործվում են նախապես ծրագրված տասնյակ քայլերով։ NEWS.am-ին այս մասին ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Միջանցքի կամ, ինչպես այն անվանում են, TRIPP-ի գաղափարը շատ վաղուց է եղել, և այն օրգանական կապի մեջ էր Արցախի հետ։ Այլ հարց է այդ նպատակին հասնելու մանրամասները։
Այս գործընթացներին դիմադրող հզոր աղբյուր են համարվում Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես նաև ընդդիմադիր էլիտայի մի մասը։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցմահ մնալ Հայաստանի ղեկավար։ Սրա հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջանում ճնշել դիմադրության բոլոր աղբյուրները, կայացած ֆինանսական միավորները, ողջ էլիտային և բոլոր նրանց, ովքեր պայքարելու ռեսուրս ունեն»,- ընդգծել է փորձագետը։
Տնտեսական հարցերում Հայաստանը թյուրքական աշխարհին ինտեգրելու օրակարգը նա անվանել է «փափուկ ուժի» կիրառման դրսևորում։
«Ադրբեջանցիները Հայաստան են գալու մեքենաներով՝ խորհրդային տարիների սեփականության վկայականները ձեռքներին։ Որտե՞ղից նրանց այդ վկայականները։ Կարծիք կա, որ դրանք ուղարկվել են հենց Հայաստանից։ Զարմանալիորեն, Հայաստանում փակվում են հենց այն բնակավայրերի դպրոցները, որտեղ խորհրդային տարիներին ադրբեջանցիներ են ապրել»,- նշել է Ղևոնդյանը։




























