ՕՊԵԿ հինգ հիմնադիր երկրներից մեկը՝ Վենեսուելան, այժմ քննարկում է նավթ արտահանող երկրների կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը, հայտնել են Bloomberg գործակալության աղբյուրները։
Գաղափարը քննարկվել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունվել, հաղորդել է BBC-ն։ Bloomberg-ը պարզաբանել է, որ ՕՊԵԿ-ից դուրս գալը և, համապատասխանաբար, սահմանափակումներից ազատվելը, ապագայում կօգնեն Վենեսուելային ավելացնել նավթի արդյունահանումը, իսկ ԱՄՆ-ին հնարավորություն կտան ավելի ակտիվորեն իրագործել իր ծրագրերը Վենեսուելայում՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգները ներկայում բանակցություններ է վարում Վենեսուելայի նավթահանքերում խոշոր բաժնեմաս ձեռք բերելու շուրջ։ Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ 2026 թվականի սկզբին ԱՄՆ-ը ձերբակալեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին. այժմ նրան դատում են Նյու Յորքում։
Մայիսին ՕՊԵԿ-ից դուրս եկավ նավթի մեկ այլ խոշոր արտահանող՝ ԱՄԷ-ն, իսկ հունիսին ելքի հիպոթետիկ հնարավորության մասին հայտարարեց Իրաքը, հիշեցրել է Bloomberg-ը։





























