Օգոստոսի սկզբից ուկրաինացի զինվորականները ռեկորդ են սահմանել՝ առնվազն 21 անգամ հարձակվելով ռուսական նավթավերամշակման գործարանների վրա, հաշվարկել է Bloomberg-ը։

Մասնավորապես, գործակալությունը նշել է, որ Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի 10 խոշորագույն նավթավերամշակման գործարաններից 4-ին, որոնք կառուցվել էին երկրի ամենախիտ բնակեցված և արդյունաբերապես առավել զարգացած շրջանները մատակարարելու համար, փոխանցել է BBC-ն։

Օգոստոսի առաջին երեք շաբաթում Ռուսաստանում բենզինի արտադրությունը և դրա մատակարարումները ներքին շուկա տարեկան կտրվածքով նվազել են գրեթե 20 տոկոսով, գործակալությանը հայտնել է փակ տվյալներին ծանոթ աղբյուրը։

Bloomberg-ը նաև մեջբերել է EA Analytics-ի տվյալները, որոնց համաձայն՝ Ռուսաստանում նավթի վերամշակման ծավալներն այժմ գտնվում են ավելի քան երկու տասնամյակի ընթացքում գրանցված նվազագույնին մոտ մակարդակին։

Նրանց գնահատմամբ՝ օգոստոսին երկրում օրական միջինը վերամշակվել է մի փոքր ավելի, քան 3,8 մլն բարելը, մինչդեռ սովորաբար ամառային սեզոնին Ռուսաստանը վերամշակում էր օրական 5,3-5,5 մլն բարել։

EA Analytics-ում կանխատեսում են, որ սեպտեմբերին վերամշակումը կվերականգնվի՝ հասնելով օրական 4,2 մլն բարելի, սակայն միայն այն դեպքում, եթե հարձակումները չշարունակվեն նախկին ինտենսիվությամբ։